Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով եղավ Վահան և Դրախտիկ գյուղերում:

Մարզի ղեկավարը ծաղիկներ խոնարհեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում և Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների շիրիմներին: Այնուհետև Իշխան Սաղաթելյանը զրուցեց բնակիչների հետ, քննարկեց նրանց մտահոգող անձնական բնույթի խնդիրներ: Մարզպետը խոսեց համայնքային մի շարք առաջնահերթ ձեռնարկների մասին:

«Հիմա մենք միասին կընտրենք այն տարածքը, որտեղ կկառուցվի մանկական խաղահրապարակ: Շատ ցանկալի կլինի, որ վահանցի մանուկները ժամանցի ու զվարճանքի տեղ ու հնարավորություն ունենան»,– հավաստեց մարզի ղեկավարը: Ընտրությունը կանգ առավ Պանթեոնին հարակից տարածքի վրա, որտեղ էլ առաջիկայում կկառուցվի մանկական խաղահրապարակը:

Իշխան Սաղաթելյանն այցելեց նաև Վահան գյուղի ֆերմերային տնտեսություններից մեկում գործող կաթի վերամշակման արտադրամաս և սպանդանոց, որտեղ տեխնիկական վերազինման որոշակի խնդիր կա: Այստեղ ևս մարզպետը խոստացավ իր հնարավորությունների սահմաններում ցուցաբերել համապատասխան աջակցություն:

Դրախտիկ համայնքում Գեղարքունիքի մարզպետը այցելեց արարողությունների սրահ, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի և Շողակաթ համայնքի համաֆինանսավորման հաշվին:

Իշխան Սաղաթելյանը Դրախտիկում հասցրեց ծանոթանալ նաեւ «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված զբոսաշրջային հյուրատուն-կենտրոնի աշխատանքներին ու ապագա ծրագրերին:

«Դրախտիկ համայնքի խնդիրները այսուհետ կլինեն մեր ուշադրության կենտրոնում: Մեկ տարի հետո այս համայնքի բնակիչները կզգան դրական տեղաշարժ: Կարվի հնարավորը, գյուղում ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը և տուրիզմը զարգացնելու համար»,– նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում