Ցանկացած վերադաս ճիշտ այնպիսի աշխատող է, ինչպես իր ստորադասը

Ցանկացած վերադաս ճիշտ այնպիսի աշխատող է, ինչպես իր ստորադասը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Ոսկու աշխարհի» աշխատակիցների ցույցերը խիստ ողջունելի են։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սա դժգոհության առաջին դեպքը չէ շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանից, կարևորը աշխատակիցների՝ շահերի ու իրավունքների համար պայքարն է։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ գործատուներ, հատկապես երբ գործատուն չի փայլում գրագիտությամբ, ինչպես տվյալ դեպքում (երևի չեք մոռացել ինչպես էր Վաղարշը շուկայում ոտքով հարվածում այն սեղաններին, որոնց վաճառողները համարձակվել էին չենթարկվել իր պահանջին), աշխատակիցների հանդեպ վարվում են ինչպես սեփականության։

Վաղուց հասունացել է ժամանակը, երբ վերադաս-ստորադաս հարաբերությունները պետք է կարգավորվեն բացառապես օրենքով ու ցանկացած գործատու պետք է հստակ գիտակցի, որ ինքը որևէ իրավունք չունի իր աշխատակցի նկատմամբ, բացառությամբ այն իրավունքների, որոնք սահմանված են օրենքով։

Ցանկացած վերադաս պետք է գիտակցի, որ ինքը ճիշտ այնպիսի աշխատող է, ինչպես իր ստորադասը, պարզապես տվյալ պահին գտնվում է տվյալ հիմնարկի հիերարխիկ այլ աստիճանում։

Եթե վերադասը կորցնում է իրականության զգացումը, զբաղեցրած պաշտոնը առաջացնում է գլխապտույտ, ապա թող չմոռանա, որ սովորաբար գլխապտույտներին հաջորդում է սրտխառնոցն ու փսխումը։

Երբ Հայաստանում յուրաքանչյուր մարդ, սոցիալական շերտ, շահագրգիռ խումբ հետևողականորեն կպաշտպանի իր իրավունքները, այդ ժամանակ էլ վերջնականապես կհաղթանակի քաղաքացիական հասարակությունը։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում