Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար

Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 

Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գող» համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսանդր Մակարյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված:

Համաձայն դատաքիմիական փորձաքննության թիվ 287Ք-18 եզրակացության՝ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ 11.19 գրամ քաշով:

Հունիսի 21-ին Ա.Մակարյանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իր փաստացի բնակության վայրում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում