Դատավորը բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Դատավորը բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում է կայացրել բավարարել Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ իր պաշտպանյալների խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Հարություն Սարիբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը բնակավայրից չհեռանալու մասին:

Դատարանը, սակայն, մերժեց Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունները` իր պաշտպանյալների խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում