Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ է

Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ  է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am:  Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից չարաշահումների բացահայտումներով արտաքին պարտքը դժվար փակվի:

Այս մասին «Ազատության» եթերում ֆեյսբուքյան ասուլիս ժամանակ ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, օգտատերերին նաև տեղեկացնելով, որ ինքը տնտեսական մասի պատասխանատուն չէ, ինչպես իրենք նշում են:

Առաջին փոխվարչապետն ասաց, որ ինքը համակարգում է կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային բարեփոխումները, միջգերատեսչական աշխատանքը պետական մարմինների միջև, որոշակի սոցիալական ոլորտներ և այլն:
Հարցին,թե տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատկանող տարածքներում, արդյոք դա համապատասխանում է իրականությանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ այդ մասին ինքը տեղեկություն չունի:

Հարցին,թե բազմաթիվ օգտատերեր նշում են,որ եթե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն այդպես ակտիվ աշխատեն և չարաշահումներ բացահայտեն հնարավո՞ր է, որ բերված գումարներով արտաքին պարտքը փակվի, Արարատ Միրզոյանն ասաց. «Խոսքն այն մասին չի կարող լինել, որ չարաշահումների բացահայտմամբ և գումարների բյուջե վերադարձով արտաքին պարտքը փակվի:

Սա միամտություն է, բայց որ արդարությունը որոշակիորեն կվերականգնվի, դա միանշանակ է: Առաջ անցնելով արտաքին պարտքի մասին ասեմ, որ տարբեր տեսակետներ կան արտաքին պարտքի չափի մասին, այս պահին արտաքին պարտքն այդ վերադարձով դժվար փակվի»:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե կառավարական տները ջրի օգտագործման դիմաց պարտք ունեն,Փաշինյանն այլ թիվ է ներկայացրել, խոսնակն այլ պարզաբանում է տվել, Միրզոյանն ասաց, որ դա պայմանավորված է եղել «խուճուճ հաշվարկներով», ինչի մասին վարչապետի խոսնակը պարզաբանում տվել է:

«Ես կարծում եմ, որ «խուճուճ հաշվարկներ» են եղել և վարչապետը ներկայացրել է այն թիվը, որ դա վրիպակ է եղել: Այո, նախկինում կուտակված պարտքեր կան, այս պահին ճշտվում են տվյալները:
Նախկին իշխանությունների հասցեին թող չարախոսություն չլինի, բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բազմաթիվ հարցերում զլացել են և ունեցել են պրակտիկա չանել բաներ, որոնք պետք է անեին, սակայն անմեղության կանխավարկածը չխախտեմ, գուցե ինչ-որ տեխնիկական խնդիրներ են»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտած չարաշահումներին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ տարիներ շարունակ քարոզչության միջոցով ասվել է, որ բանակը սրբության սրբոց է.« Ասել են՝ առաջին հերթին անվտանգության խնդիր կա և ահա այստեղ ով որևէ չարաշահում անի, նա դավաճան է: Այսպես պաթոսախառն տեքստեր էին հորդում, որ ասում էինք՝ այս մարդիկ կարող են ամեն ինչ անել, բայց ոչ բանակի և պաշտպանության ոլորտում, և մենք էլ, որ քննադատում էինք, որ խնդիր կա, մատուցվում էինք իբր պակաս հայրենասերներ: Եվ ահա գալիս է ճշմարտության պահը և իրենց քարոզչությունը գրոշի արժեք չուներ»:

Միրզոյանը նաև ասաց, որ գողությունը գողություն է, լինի դա բանակից, թե մեկ այլ ոլորտից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում