Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը և Արարատի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապի և լրատվության վարչությունից, Արսեն Բազիկյանը անձնական նպատակներով մի քանի տարի շահագործել է «Խոսրով» պետական արգելոցում գտնվող ավազահանքը, համայնքին հատկացված տրակտորը շուկայականից ակնհայտ ցածր գնով վաճառել է եղբորը , օտարել է համայնքին պատկանող կոմբայնը՝ ստացած գումարը անհայտ նպատակներով օգտագործելով:

Համայնքի միջոցներով ձեռք է բերել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, որը մի քանի տարի շարունակ օգտագործելուց հետո օտարել է , իսկ որոշ ժամանակ անց մեքենան 4 հազար դոլարով վաճառել՝ յուրացնելով գումարը: Բացի այդ, Բազիկյանը համայնքի բյուջեից 4 միլիոն 500 հազար դրամ է դուրս գրել գյուղի հուշաքարի շինարարական աշխատանքների համար՝ մոտ 40 մարդու ձևակերպել է աշխատող դարձյալ յուրացնելով գումարը: Ոստիկանության Արարտի բաժնում յուրացումների և պաշտոնեական կեղծիքի փաստերով քրեական գործ է հարուցվել: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում