Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան

Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջիկայում ճարտարապետություն է փոխվելու: «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում կոնֆլիկտաբան, վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը վերահաստատեց իր հնչեցրած հայտարարությունը:

Նա պարզաբանեց, որ վարչապետը շատ հստակ հայտարարել է, որ ինքը չի կարող Արցախի փոխարեն բանակցել: «Նա ասում է՝ եթե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ծնունդով Արցախից են, նաև ֆորմալ պաշտոններ են զբաղեցրել այնտեղ, այդ պատճառով ստանձնել են իրավասություն նաև ներկայացնելու Արցախը: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես չեմ ծնվել Արցախում, և ես Ղարաբաղը ներկայացնելու ֆորմալ իրավունք չունեմ: Սակայն, քանի որ Հայաստանը ևս այս հակամարտության կողմ է, ես պատրաստ եմ գնալ բանակցությունների՝ Հայաստանի դիրքերից: Երբ հաշվի չի առնվում հակամարտության կողմ որևէ սուբյեկտ, այդտեղ կայուն խաղաղության հասնելու հավանականությունը շատ նվազում է:

Վառ օրինակ են 1921 թ. Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, երբ մեր փոխարեն որոշում էին ուրիշները, վառ օրինակ է 1938 թ. եվրոպական պետությունների որոշումը Չեխոսլովակիայի և մյուսների համար: Ի՞նչ եղավ արդյունքում՝ բոլորը գիտեն»:

Արսեն Խառատյանի ձևակերպմամբ՝ եթե պիտի դիվանագիտական տերմինաբանության տիրույթում հաղթանակներ արձանագրելու արդյունքում շարունակվի սպառազինությունների մրցավազքն ավելի մեծացվել, արդյունքում՝ վիճակը շատ ավելի վատ է լինելու:

«Ինձ թվում է՝ մեր ասածը հասկանալի և տրամաբանական է բոլորի համար, ես ենթադրում եմ և մտածում եմ՝ նաև Ադրբեջանի համար, այլ հարց է, որ շահային դիրքերն այլ են, և նրանք չեն ցանկանալու ընդունել սա: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք ասել դա և աշխատել այն ուղղությամբ, որ դա այդպես դառնա: Կլինի Մոսկվան, Փարիզը, Բրյուսելն ու Վաշինգտոնը, որը կլինի, բոլոր կողմերը պետք է ակտիվորեն ներգրավված լինեն գործընթացում, որովհետև ԵԱՀԿ մինսկի խումբը չի վերջանում համանախագահողներով, այնտեղ պետությունների թվաքանակն ավելի մեծ է, որոնց հետ նույնպես պետք է խոսել, ի՞նչ է եղել: Նրանք էլ են շահառու կողմեր: Տարածաշրջանային անվտանգության տեսակետից բոլորն են շահառու կողմեր՝ Իրանը, Թուրքիան, խաղացողներ են, որոնք իրենց շահային դիրքերն են»,-պարզաբանել է վարչապետի խորհրդականը:

Նրա կարծիքով՝ հայկական կողմը պետք է ներգրավողական լինի այդ տեսակետից: Արսեն Խառատյանը հստակեցնում է, որ ինքը չի ասում՝ այդ երկրները պետք է դառնան համանախագահող, որ գան միջնորդություն անեն, չեն կարող: «Փառք Աստծո, դեռևս Սերժ Սարգսյանը շատ հստակ ձևակերպեց մի կարևոր բան, երբ ասում էր՝ քառօրյա պատերազմի ընթացքում Թուրքիան միակ պետությունն էր, որ ամենօրյա ռեժիմով սպառնում էր Հայաստանին: Շատ ճիշտ էր ասում, և մենք կրկնում ենք դա ու ասում, որ այստեղ կաշկանդվածություն կա, և այստեղ օբյեկտիվ մոտեցում չի կարող լինել: Բայց մենք պետք է ֆիքսենք, որ սրանք տարածաշրջանային խաղացողներ են և շահային դիրքեր ունեն ու չվախենանք դա ասելուց: Սա չի նշանակում, որ ասում ենք՝ եկեք, ներգրավվեք և բանակցող կողմ դարձեք կամ դարձեք միջնորդ պետություն: Մենք պիտի մի քիչ ընդլայնենք այս քննարկումը և դուրս գանք այն եղած կաղապարներից, որոնց շրջանակում մինչ օրս չենք կարողացել արձանագրել որևէ լուրջ առաջընթաց»:

Ճշտող հարցին՝ եթե Արցախը չդառնա բանակցությունների կողմ՝ Հայաստանը, հայկական կողմը կհրաժարվի՞ բանակցություններից, Արսեն Խառատյանը պատասխանել է. «Չէ, ոչ մեկը նման բան չի ասում: Մենք հայտարարել և հայտարարում ենք, որ կարող ենք մասնակցել բանակցություններին, բայց ներկայացնելու ենք Հայաստանը: Մենք բանակցելու ենք, բայց Հայաստանի դիրքերից: Միայն Շամշադինի Սահմանն Ադրբեջանի հետ ավելի երկար է, քան շփման գիծը: Այսինքն՝ Հայաստանն այս կամ այն կերպ ներգրավված է հակամարտության մեջ: Եվ մենք Հայաստանը ներկայացնելու դիրքերից բնականաբար բանակցելու ենք»:

Խոսելով բանակցային գործընթացին ամբողջությամբ ծանոթ լինելու մասին՝ վարչապետի խորհրդականն ասել է, որ Հայաստանում շատ են այն մարդիկ, որ տիրապետում են բանակցային ամբողջ գործընթացին:

Դիտարկմանը, թե, օրինակ՝ Սերժ Սարգսյանը տիրապետում է բանակցային գործընթացին, նա նշել է. «Ոչ միայն նա: Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի: Ես չեմ բացառում ՀՀ շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս, եթե տեսնենք, որ այդ մարդն այդ տեղում շատ պետքական է, ինչպես այսօր Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում ներկայացնում է Հայաստանը և շարունակում է ներկայացնել, ինչպես Խաչատուրովը ներկայացնում է ՀԱՊԿ-ում: Չեք տեսնո՞ւմ, որ տրամաբանությունը պիտի փոխվի և փոխվում է, մենք անցյալների և ներկաների մասին չենք խոսում, երբ հարցը վերաբերում է ՀՀ շահին: Շատ կարևոր է այս տրամաբանությունը մեր հանրության համար ընկալելի դարձնել»:

Հարցին, թե ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, արտաքին քաղաքականության պատասխանատուն, ըստ Սահմանադրության, նա՞ է, վարչապետի խորհրդականը պատասխանել է. «Այո, 146-րդ հոդվածի 2-րդ կետը: Իմիջիայլոց, հաճախ անհրաժեշտություն է առաջանում այս հոդվածը որոշ պետական այլ կառույցների հիշեցնել: Այն բոլոր մարդկանց համար, ովքեր գրաճանաչ են ու տառաճանաչ, ավելի քան հստակ է, որ վարչապետն է հայկական կողմը ներկայացնում բանակցություններին, որովհետև դա սևով սպիտակի վրա գրված է»:

Իսկ, թե ո՞րն է այն մարդկանց գործառույթը, որ տիրապետում են բանակցային գործընթացին խորությամբ, Արսեն Խառատյանն ասել է, որ մի շատ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել: Պետական ինստիտուցիոնալ կառույցները, այդ անձերի վերաբերյալ արտաքին ընկալումները հաշվի առնելով, պետք է կարողանան նրանց համար գործառույթային տիրույթ ստեղծել ապագայում՝ պետական շահի տեսանկյունից: Որևէ մեկս չգիտենք, թե ինչ կարող է փոխվել աշխարհում մեկ ամիս հետո, մեկ տարի հետո, հինգ տարի հետո: Իրավիճակներ կարող են փոխվել, որտեղ այդ մարդկանց և´ գիտելիքը, և´ իմացությունը, և´ փորձն անհրաժեշտ կլինի կիրառել: Եվ այս դուռը պետք չէ փակել երբեք, որովհետև կկորցնենք շատ ավելի մեծ բան»:

Արսեն Խառատյանի խոսքով՝ պետական բյուրոկրատիայի, պետական կառավարման համակարգի միջինից բարձր օղակների շատ ծանր տարիներ աշխատած քաղծառայողներին, պետծառայողներին չի կարելի վնասել, նրանք պետության ողնաշարն են: «Այդ մարդիկ պիտի շարունակեն իրենց գործունեությունը և նույն տրամաբանությամբ, շատ կոնկրետ իրավիճակներում նույնիսկ, երբ կլինեն իրավիճակներ, որ իրենք անհրաժեշտ են, այնքան ողջախոհ կգտնվեն, որ իրենք իսկ կներգրավվեն այն գործերում, որտեղ ամենաէֆեկտիվը կլինեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում