Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն

Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետությունում հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորախաղերին հետևել և մասնակիցներին համապատասխան ուսումնամեթոդական ցուցումներ է տվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով բացի ղեկավարման կետերում հրամկազմի գործողությունները վերահսկելուց, եղել է նաև կրակային դիրքերում և տեղում ստուգել պայմանական մարտադաշտում, ըստ մարտակարգերի, տեղակայված ստորաբաժանումների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին:

Նախքան պայմանական մարտական գործողություններին անցնելը, միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված պայմանական մարտական իրադրությունը, զեկուցել իրականացված միջոցառումների և ընդունված որոշումների մասին, կատարել տեղագրական ու մարտավարական կողմնորոշում:

«Տիգրանակերտ» զորավարժարանում գործողությունները մեկնարկել են հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում: Յուրային ուժերին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, վարել պաշտպանողական մարտ, այնուհետև անցնել հակագրոհի և, զբաղեցնելով առավել նպաստավոր բնագծեր, վերականգնել կորցրած դրությունը:

Զորախաղերի ժամանակ ստեղծված պայմանական իրադրությունը ոչ միայն առավելագույնս մոտեցված էր մարտական պայմաններին, այլև համապատասխանում էր մասնակից զորամասերի և ստորաբաժանումների իրական խնդիրներին: Պայմանական մարտադաշտում հակառակորդը կիրառում էր ավիացիա և հրթիռահրետանային միջոցներ, հրանետանային համակարգեր, հերթապահ ուժերից բացի նաև դիվերսիոն-հետախուզական և դեսանտային խմբեր: Վերջիններիս հակազդելու համար բանակի ստորաբաժանումները կիրառել են մի շարք նոր զինատեսակներ և արդի տեխնիկական միջոցներ, որոնք գրագետ ընտրված մարտավարության, հմուտ ղեկավարման և անձնակազմի բարձր մարտական պատրաստականության շնորհիվ ապահովել են ակնկալվող դրական արդյունքները:

Երկաստիճան հրամանատարաշտաբային, իսկ ապա նաև մարտական հրաձգությամբ ուղեկցվող գումարտակային մարտավարական զորավարժությունը լիովին իրացրել է նախանշված ուսումնական նպատակները:

Զորավարժության ավարտին իմի են բերվել արդյունքները, վերլուծվել և ընդհանրացվել իրականացված բոլոր միջոցառումները և ըստ այդմ մասնակից հրամանատարներին, շտաբներին ու զորային մյուս կառույցներին առաջադրվել խնդիրներ` հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում