ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին

ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կվտ*ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կվտ*ժ ծախսից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը՝ անդրադառնալով անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի՝ 10 դրամի չափով նվազեցնելուն և հարցին, թե նախկինում նման որոշում ինչու չէր կայացվում:

«Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-ից 30 տոկոսը: Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունն ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղղություններից է:

Ընդունված որոշումը դեռևս 2015-2016թթ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունն է»,-ասաց նա:

Վերջինս հիշեցրեց, որ 2015թ. օգոստոս ամսից մինչև 2016թ. հուլիսը մինչև 250 կվտ*ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի՝ ՀՀ կառավարության և «Տաշիր»-ի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվել ավելացված սակագնի չափով:

Հարցին, թե կա ավելի մեծ հնարավորություն՝ թեկուզ հետագայում բոլորի համար նվազեցնելու սակագինը, Նատալյա Սարջանյանը պատասխանեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը կախված է էներգետիկ շուկայի բազմաթիվ մասնակիցներից և տարբեր գործոններից, և դրա փոփոխությունը դուրս է «ՀԷՑ»-ի իրավասության շրջանակից:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ վարչապետի հանձնարականին՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, առավել ևս, որ նախարարը նշել է, որ էներգահամակարգում եղած ռիսկերի մեջ, չի բացառվում, որ կլինեն նաև կոռուպցիոն ռիսկեր, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ սակագնի վրա, մամուլի քարտուղարն ասաց.

«Մեր հիմնական նպատակը մատուցվող ծառայությունների բարձր որակն ու հասարակության վստահության ամրապնդումն է: Սա, իհարկե, բազմապլանային և բարդ պրոցես է, բայց մենք անում ենք հնարավորինս` բոլոր կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում