Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով

Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին հանձնաժողովից, նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է, հանձնաժողովը կարևորել է այս տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը: ՀՀ մրցակցային մարմնի կողմից կատարված հաշվարկները փաստում են, որ ստենտավորման ներկայիս արժեքը կարող է նվազել ավելի քան 100 հազար դրամով: Եվ այսպես. ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել է ՀՀ-ում ստենտավորում իրականացնող բոլոր բուժհաստատությունների (թվով 11 ) կողմից այս ծառայության գնագոյացման շղթան: Հանձնաժողովը ծավալուն տեղեկատվություն է պահանջել բուժհաստատություններից, որի հիման վրա գնահատվել են ստենտավորման վիրահատության գնագոյացման շղթայի մաս կազմող ավելի քան 40 ծախսային բաղադրիչները՝ սկսած ստենտի արժեքից մինչև վիրահատական գործիքներ և դեղորայք:

Պարզվել է, որ 1 դեղապատ ստենտով վիրահատության արժեքը կազմում է միջինում 1.1 մլն դրամ, իսկ ինքնարժեքը՝ 840 հզ դրամ, որի 55%-ը բաժին է ընկնում նյութածախսին (ստենտի արժեք, դեղորայք, վիրահատական պարագաներ և այլն ), 45 %-ը ձևավորվում է վարչական վերադիր և այլ ծախսերի հաշվին ( բժշկի և բուժքույրերի աշխատավարձ, մաշվածության ծախս (ամորտիզացիա), կոմունալ վճարումներ և այլն ):

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ 1.1 մլն դրամ գնի պարագայում ստենտավորման վիրահատության շահութաբերությունը կազմում է շուրջ 25%, ինչը բավական բարձր ցուցանիշ է՝ համանման այլ բժշկական ծառայությունների գների համեմատ։ Հետևապես, լիովին իրատեսական է, որպեսզի բուժհաստատությունները իրենց շահույթը նվազեցնելու հաշվին վերանայեն վիրահատության արժեքը՝ իջեցնելով այն շուրջ 100 հազար դրամով:

Տեղեկացնենք նաև, որ ընդհանուր առմամբ ստենտավորման վիրահատություններ իրականացվում են թվով 11 բուժհաստատություններ, իսկ ստենտերի ներմուծում մատակարարներում են իրականացրել 7 ընկերություններ։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ ըստ հանձնաժողովի, հետագայում ևս հնարավոր է հասնել վիրահատության արժեքի էլ ավելի նվազման՝ մատակարար ընկերությունների հետ տարվող բանակցությունների արդյունքում:

Հանձնաժողովը ուսումնասիրությունների ողջ փաթեթը տրամադրել է նաև Առողջապահության նախարարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում