Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը

Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները մեքենաներով փակել են գյուղ մտնող հիմնական ու միջհամայնքային ճանապարհները: Նրանք պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, ով Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Մանվել Գրիգորյանի ծննդավայրում արդեն 4-րդ օրը շարունակվող բողոքի ակցիաներն այսօր վերածվել են մարդաշատ ցույցի:

Արշալույսի բնակիչները նշում են գյուղապետի ընտանիքի կողմից իրենց գույքի հափշտակման դեպքերի մասին: Նրանց խոսքով` Զարզանդ Գրիգորյանի 10-ամյա պաշտոնավարման ընթացքում և դրանից առաջ իրենք բազմաթիվ անօրինությունների են բախվել: «Հիմա ժողովուրդը ցանկանում է ազատ ապրել, մենք էլ եկել ենք մեր ձայնը բարձրացնելու: Գյուղապետին ուղղելու բազմաթիվ հարցեր ունենք ու նրան հրավիրել ենք այստեղ, որպեսզի դրանց պատասխանները ստանանք»,- նշում են ակցիայի կազմակերպիչները:

Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ մասնակիցների հետ հանդիպել չի պատրաստվում, սակայն վաղը 18:00-ին իր կողմնակիցների հետ հանրահավաք կկազմակերպի Արշալույս գյուղի հրապարակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում