Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում

Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: 2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: 

Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը:

Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության դեպքում արտերկրից ժամանող երիտասարդներին զինվորական ծառայությունից խուսափելու հետևանքների և քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ հուզող հարցերին պատասխանելու և, իհարկե, զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածների հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ռազմական ոստիկանները հետևելու են նաև, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում