ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացրել

ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել»,- նշեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հունիսի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով: Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել, տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում