Կառավարությունը մերժում է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը

Կառավարությունը մերժում է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, 168.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կմերժի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու մասին։ Հարցը ներառված է գործադիրի վաղվա՝ հունիսի 28-ի նիստի օրակարգում։

«Հարսնաքարը» դիմել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։ Խոսքը լեդ լուսարձակների, պրոժեկտորների, լույսի հեռակառավարման վահանակի, մետաղական լեդ լուսարձակների համար ճոպանների մասին է, որը նախատեսված է օգտագործել ժամանցի վայրի և ռեստորանային համալիրի համար։

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ նշվածը չի համարվում ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1118-Ն որոշման իմաստով գերակա ոլորտ, այդ իսկ պատճառով ընկերության կողմից ներկայացված հայտը համարվում է մերժման ենթակա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում