ՎԶԵԲ-ը մրցանակ է շնորհել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին

ՎԶԵԲ-ը մրցանակ է շնորհել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը EBRD-ի կողմից «Առևտրի խթանման» ծրագրի շրջանակում (Trade Facilitation Programme) ճանաչվել է «Հայաստանում 2017թ.-ին առևտրի ֆինանսավորման պրոդուկտների գծով ամենաակտիվ թողարկող բանկ» (Most Active Issuing Bank in Armenia in 2017)։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մրցանակը շնորհել է՝ հաշվի առնելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից 2017 թվականի ընթացքում իրականացրած առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալը:

«Բանկն անընդհատ ավելացնում է ՓՄՁ-ներին տրամադրվող ծառայությունների ծավալը՝ միաժամանակ ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների շրջանակը՝ դրանք դարձնելով ավելի ճկուն, ժամանակակից տենդենցներին համապատասխանող։ Անընդհատ ներդնում ենք տարաբնույթ թվային լուծումներ, ինչը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել ծառայությունների մատուցումը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրող առաջատար բանկերից մեկն է, և ՎԶԵԲ-ի կողմից մեզ շնորհված մրցանակը դրա վառ ապացույցն է։ Բարձր ենք գնահատում մեր և EBRD-ի համագործակցությունը, ինչի արդյունքում մենք էլ ավելի ենք մեծացրել մեր բիզնես գործունեության աշխարհագրությունը»,- նշեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

ՎԶԵԲ-ի Ֆինանսական հաստատությունների գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը ասաց. «Առևտրի ֆինանսավորումը տնտեսական զարգացման և աճի խթանման կարևորագույն մաս է: Մեր գործընկեր բանկերը, տրամադրելով ֆինանսական միջոցներ, խթանում են տեղական ընկերությունների՝ նոր շուկաներ գրավելուն: ՎԶԵԲ-ը հպարտ է, այս ամենի մաս կազմելու համար և այս մրցանակը` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նկատմամբ մեր հարգանքի և գնահատման արտահայտումն է»:

Բանկի կողմից առևտրի ֆինանսավորման խթանման համար նախատեսված ծառայություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՎԶԵԲ-ի «Առևտրի խթանման» ծրագիրն իրականացվում է 1999 թվականից: Ծրագրի նպատակն է խթանել արտասահմանյան առևտուրը ՎԶԵԲ-ի գործընկեր երկրների միջև: Ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ը տրամադրում է երաշխիքներ միջազգային հաստատողի կարգավիճակ ունեցող բանկերին և կարճաժամկետ վարկեր ընտրված բանկերին և ֆակտորինգային ընկերություններին՝ տեղական արտահանողներին, ներմուծողներին և դիստրիբյուտորներին տրամադրելու համար: 2017 թվականի ընթացքում մասնակից բանկերը ՎԶԵԲ-ի աջակցությամբ ֆինանսավորել են 25 երկրներում 1.9 մլրդ եվրո արժողությամբ առևտրային գործարքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում