«Երբ մեկը իրեն թուրքի նման է պահում, ինձ մոտ խոսում է խրամատային բնազդը». Ժաննա Գալստյանը՝ Հայկ Խանումյանին հայհոյելու մասին

«Երբ մեկը իրեն թուրքի նման է պահում, ինձ մոտ խոսում է խրամատային բնազդը». Ժաննա Գալստյանը՝ Հայկ Խանումյանին հայհոյելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանը հայհոյել է ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին, որովհետև վերջինս հրապարակային վիրավորանք է հասցրել երկրի խորհրդանիշին՝ նախագահին:

Tert.am-ի հետ զրույցում Ժաննա Գալստյանն ասաց, որ Հայկ Խանումյանն իրավունք ունի պահանջել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, բայց իրավունք չունի վիրավորել երկրի խորհրդանիշ համարվող նախագահին:

«Որպես քաղաքական ուժ՝ Հայկ Խանումյանին հնարավորություն է տրված պահանջել նախագահի հրաժարականը: Թող գնա ու միտինգներում պահանջի, բայց թող արհամարհական տոնով չխոսի երկրի նախագահի մասին: Նա միտումնավոր վիրավորական տոնով է խոսում: Քանի մարդը նախագահն է, մեր երկրի խորհրդանիշն է, ինչպես մեր երկրի գերբը, դրոշը: Վերջիվերջո, այդ մարդուն մեր երկրի ժողովուրդն է ընտրել»,- ասաց Ժաննա Գալստյանը:

 Պատգամավորն ասաց, որ ինչի մասին ուզում է խոսվի՝ Հայկ Խանումյանը անպայման խոսում է նախագահի հրաժարականի մասին: «Դե լավ էլի տղա ջան, հասկացանք, պահանջում ես այդ մարդու հրաժարականը, հասկացանք, հանգստացի էլի, ինչի՞ ես Ազգային ժողովի հարթակը սարքում միտինգի հարթակ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին անվանել է «գյալմա», ապա Գալստյանն ասաց, որ իրենք այս բառն օգտագործում են թուրքերի մասին, ովքեր հայկական գյուղեր են գալիս:

«Ես իրան թուրք եմ անվանել, որովհետև ինքը պառակտում է ազգը: Ես գտնում եմ, որ մինչև Հայաստանում իրավիճակը կարգավորվի, մեր հայկական աշխարհում միայն ստաբիլ կղզյակ պիտի մնա: Տղա ջան, ոչ քարը քարին ես դրել էս երկրում, ոչ մի կաթիլ արյուն ես թափել, դե լավ էլի… Ինչ քեզ մտահոգում է, բոլորին էլ մտահոգում է, դրա համար էլ նախագահն ասել է, որ 2020թ.-ին թեկնածությունը չի դնի:

Էդքան ժամանակ կա, քո թեկնածությունը դիր, դիր, ընտրվի, ու ով ուզում է լինի, քեզ վիրավորի, ես նույն կերպ եմ արձագանքելու, որովհետև դու դառնալու ես երկրի խորհրդանիշ: Երբ մեկը իրան թուրքի նման է պահում, ինձ մոտ խոսում է խրամատային բնազդը»,- ասաց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում