Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն

Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հանդիպմանն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Արցախի որոշիչ ձայնի իրավունքը:

«Իհարկե, հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Ես վերահաստատեցի ՀՀ կառավարության հանձնառությունը՝ հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակում: Նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը կարևոր առաջնահերթություններ են՝ ընդգծեցի, որ որպես հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն»,- Բեռլինում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ քննարկել են նաև խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը վերաբերող կարևոր հարցեր: Այս համատեքստում, Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Գերմանիայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում