Ադրբեջանական բանակում հայտնված ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն. Տիգրան Բալայան

Ադրբեջանական բանակում հայտնված ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն. Տիգրան Բալայան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «ՀՀ արտգործնախարարի՝ գերմանական շրջանակների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվել է ադրբեջանա-գերմանական ռազմական համագործակցության վերաբերյալ հարցը: Առանց մանրամասների մեջ մտնելու կարելի է ասել, որ գերմանական կողմի տված պարզաբանումները լիովին բավարարում են»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում հայտնված ամերիկյան ուղղաթիռներին, բանախոսը նկատեց, որ թեմայի շուրջ սոցցանցերում տեղ գտած ինֆորմացիան իրականությանն այդքան էլ չի համապատասխանում:

«Ուղղաթիռների հարցով մենք սկսել ենք զբաղվել շատ ավելի վաղ, քան ինֆորմացիան հայտնվել է հրապարակային դաշտում: Այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն, դրանք արտադրվում են մի քանի երկրներում՝ ամերիկյան լիցենզիայով: Դրանց գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար»,- ասաց Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական բանակի վերջին օրերի սադրիչ գործողություններին՝ ԱԳՆ մամուլի խոսնակը նկատեց, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից, չկատարելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:

«Մենք շարունակաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մեր այլ գործընկեր երկրների և կազմակերպությունների առջև: Կարծում ենք՝ այստեղ համանախագահները լուրջ անելիք ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը՝ Ադրբեջանն արհամարհում է համանախագահ երկրներին»,- ասաց նա:

Հարցին՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը ժամանակին նախկին իշխանավորներին օգնել է այդ երկրում անշարժ գույք ձեռք բերել, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Մեծ կոմբինատորի համբավ ունեցող անձնավորության կողմից գրված տեղեկատվությանը լուրջ մի վերաբերեք: Խնդրում եմ կոմպետենտ մարդկանց հարցնել՝ ով էր «Պանիկովսկին» հեղափոխությունից առաջ: Ձեզ մանրամասն կներկայացնեն նրա գործունեությունը: Այդ անձնավորությունը հյուրախաղերով հանդես եկողի տպավորություն է թողնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում