Ադրբեջանին հասնող գերմանական արտադրության զենքերը կարող են օգտագործվել ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի դեմ․ Տեսսա Հոֆման

Ադրբեջանին հասնող գերմանական արտադրության զենքերը կարող են օգտագործվել ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի դեմ․ Տեսսա Հոֆման

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Եթե Ադրբեջանի և «Rheinmetall»-ի միջև համագործակցությունն իրական դառնա, գերմանական արտադրության զենքերը կարող են օգտագործվել ոչ միան Արցախի, այլ նաև Հայաստանի դեմ: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց գերմանացի պատմաբան Տեսսա Հոֆմանը:

«Դա ևս մեկ պատճառ է, որ Գերմանիայի ֆեդերատիվ կառավարությունը միջամտի այս հարցում՝ հաշվի առնելով Գերմանիայի ունեցած պատմական պատասխանատվությունը Հայաստանի նկատմամբ»,- ասաց նա:

Գերմանաադրբեջանական ռազմական համագործակցության մասին ահազանգ էր հնչեցրել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական և գերմանական մամուլը գրում է, որ գերմանական «Rheinmetall» ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին:

Գերմանացի պատմաբանը մատնանշեց՝ Գերմանիայի տնտեսությունը զարգացնելու ճանապարհին մեծապես և անառողջ ձևով ընտրել է արտահանման ուղղությունը, և հիմնական ուղղություններից մեկը զինամթերքի արտահանումն է:

««Rheinmentall» ընկերությունը գերմանական զենքերի ամենամեծ արտադրողն ու ներմուծողն է: Չնայած զենքի և սպառազինության արտահանման գերմանական կանոնակարգերը սահմանափակումներ ունեն, արտահանողները գիտեն, թե ինչ ճանապարհով և ինչ հնարքներով շրջանցել դրանք՝ վաճառելով իրենց արտադրանքը պատերազմող և «փխրուն» երկրներին՝ ավելացնելով պետությունների և տարածաշրջանների անկայունությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ճանապարհին Գերմանիայի հեռուստաընկերություններից մեկի հետաքննության մեջ մի քանի ամիս առաջ «Rheinmetall» ընկերությունը մեղադրվում էր ռումբեր և անգամ մեծածախ գործարաններ Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին վաճառելու մեջ:

Տեսսա Հոֆմանը նկատեց՝ Գերմանիայի ֆեդերալ կառավարությունը ֆորմալ առումով պատասխանատու չէ գերմանական ընկերությունների այլ երկրներ զենք մատակարարելու համար: «Բայց հնարավոր է փոխել օրենսդրական համակարգը՝ ներկայացնելով, թե ինչ միտումներ կան»,- ասաց նա՝ մատնանշելով, որ Գերմանիայի Բունդեսթագի գիտական ծառայությունը վերջերս հաղորդել է, որ կարող են պայման դնել, ըստ որի, գերմանական իշխանությունները պետք է տան իրենց համաձայնությունը, եթե գերմանական ընկերություններն օգնեն կամ ռազմական աջակցություն ցուցաբերեն այլ երկրներին:

«Այնուամենայնիվ, ես լավատես չեմ Գերմանիայի «դեմոկրատական հասարակության» տեղեկացվածության վերաբերյալ մի քանի պատճառներով: Ներկայումս հասարակական իրազեկվածությունը կենտրոնացած է Գերմանիայում բազմաթիվ ներքին խնդիրների և արտաքին և տնտեսական խնդիրների վրա,»,- ասաց նա:

Մյուս կողմից, ըստ գերմանացի պատմաբանի, զենքի առքուվաճառքը շատ եկամտաբեր բիզնես է անգամ փոքր ներդրողների և փողոցի միջին վիճակագրական մարդու համար: ««Rheinmetall»-ի բաժնետոմսերը 70 տոկոսով աճել են անցած տարի: Շատ փոքր ներդրողներ, որոնք ներդրումներ են անում գերմանական բանկերում, օրինակ, եկամուտ ունեն դրանից: Բարոյականությունն ու շահույթը հազվադեպ համատեղելի են»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում