Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.am: Հայ-ադրբեջանական սահմանին հայկական առաջխաղացումները հիմնականում եղել են ապրիլին, իսկ ադրբեջանականը, որը ֆիքսվել է արբանյակային լուսանկարներով, սկսվել են մայիսի 2-ից: Այսօր՝ հուլիսի 3-ին, «Դիրքային լուռ մարտեր և շիկացում՝ հայ-ադրբեջանական սահմանին. Սողացող պատերա՞զմ, թե՝ վերադիրքավորում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի հիմնական առաջխաղացումը եղել է մայիսի 9-25-ն ընկած ժամանակահատվածում. «Դա այն փուլն է, երբ ադրբեջանական կողմը ճանապարհներ է կառուցել դեպի դիրքերը: Մենք Զանգակատնից մինչև Արենի ֆիքսել ենք 7 ճանապարհ»:

Վրթանեսյանի խոսքերով, այդ ճանապարհները սկսվել են կառուցվել հիմնականում մայիսի 9-25-ը:

Ինչ վերաբերում է ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կողմից հնչեցված տեսակետին, որ նախիջևանյան ճակատում ատելությունն ավելի քիչ է, Վրթանեսյանն ասաց, որ դա այդքան էլ էական չէ, սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ Նախիջևանում հայերի և Հայաստանի նկատմամբ ատելությունը թեկուզ հանգիստ պայմաններում շատ ավելի բարձր է, քան օրինակ Տավուշում, որտեղ անընդհատ կրակում են. «Նախիջևանն ամբողջությամբ այլ քեյս է: Այնտեղ լրիվ Հյուսիսային Կորեա է»:

Նշենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական որևէ դիրքից հայկական որևէ բնակավայր կամ ճանապարհ ուղիղ նշանառության տակ չի գտնվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում