ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր վերահսկելու հնարավորություն ունեն

ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր վերահսկելու հնարավորություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդմանը, թե մոտիկից դիտարկման տակ են պահում Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, նշեց՝ ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր են վերահսկում: Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու երկարությամբ կան այդպիսի 30 տեղամասեր՝ այդ թվում առաջնային նշանակության ճանապարհներ, որ հակառակորդը կարող է մշտապես դիտարկել: Տավուշի մարզում 20-ից ավելի բնակավայրերի համար ևս վտանգ կա: Դրան ի պատասխան՝ մեր զինված ուժերը ունեն այդպիսի հնարավորություն ադրբեջանական շուրջ 50 բնակավայրի նկատմամբ»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ խոսնակի կարծիքով՝ վերահսկելու գործոնը ինչ-որ կերպ շահարկելը Ադրբեջանի օգտին չէ: «Հայկական կողմն առնվազն 2 անգամ ավելի շատ բնակավայրեր է տեսնում և վերահսկում: Մենք պարզապես դրա մասին չենք բարձրաձայնում»,-նշեց Հովհաննիսյանը:

Նրա հավաստմամբ՝ վերահսկողության մեջ վտանգ կա, բայց ռազմական գործողության ժամանակ այն լուրջ վտանգ չի ներկայացնի և դեր չի խաղա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում