Յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին է

Յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորությամբ Հայաստանում ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ իրականություն:

ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ օրենքով ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն և պարտականություն է, այլ ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց և այլոց իրավունքների արժեքը: «Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը և պատշաճ արժևորումը կարևոր նշանակություն ունեն երկրի այսօրվա և վաղվա օրվա համար: Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը, սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և միաժամանակ օրենքով պաշտպանված քաղաքացին է»,-իր ելույթում նշեց նախագահը:

Նա ընդգծեց, որ սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել, ոչ միայն ինքնիշխան, զարգացող և ժողովրդավարության ուղին ընտրած աներկբա գոյության փաստը, այլ նաև միջազգային ասպարեզում նրա ինքնատիպ և բարձ վարկանիշի առկայությունը: «Այդ վարկանիշի բարձրացումը մեր բոլորի իրավունքը և պարտականությունն է: Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում, երբ մեզանից յուրաքանչյուրը իր ներսում այդ արժեքների կրողը լինի»,-ասաց Արմեն Սարգսյանը, հավելելով, որ Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է, որը զատում է թույլատրելին անթույլատրելիից, գծում այն իրավական դաշտը, որին ենթակա են նաև մեր բարոյական արժեքները: «Պետք է մտածել և գործել ի շահ երկրի , օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանել սահմանադրությունը ու այդժամ երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին ավելի վստահ, երկրի իշխանությունը ավելի պատասխանատու և ավելի վստահելի : Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստան»,-վստահեցրեց նախագահ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում