Գյումրիում տեղի ունեցավ պատարագ ձեռամբ Իտալիայի եպիսկոպոսական ժողովի նախագահ Կարդինալ Բասեթիի

Գյումրիում տեղի ունեցավ պատարագ ձեռամբ Իտալիայի եպիսկոպոսական ժողովի նախագահ Կարդինալ Բասեթիի

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ուխտավորների եռօրյա այցը Հայաստան ավարտվեց սուրբ Պատարագով: Կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Գուալթերո Բասեթիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև Հռոմի կաթողիկե եկեղեցու 5 եպիսկոպոս, ուխտագնացության ընթացքում եղել են Հայաստանի սրբավայրերում, հանդիպումներ ունեցել այն բարեգործական կառույցների ու հաստատությունների հետ, որոնց միջոցով Հայաստանում Իտալիայի կաթողիկե եկեղեցին մի շարք սոցիալական ծրագրեր է իրականացնում:

2017 թվականի մայիսից կարդինալ Բասեթին 5 տարվա ժամանակացույցով ընտրվել է Իտալիայի եպիսկոպոսական ժողովի նախագահ: Այցի ավարտին ձեռամբ կարդինալ Բասեթիի և Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի Հայ Կաթողիկե աթոռանիստ Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ: Պատարագին մասնակցում էին կաթողիկե համայնքներ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, Աշոցքի «Տիրամայր Նարեկ», Անարատ Հղիության հայ քույրերի միաբանության, «Մայր Թերեզայի քույրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները:

«Կարդինալ Բասեթին Հայաստան է եկել որպես ուխտավոր և, միևնույն ժամանակ, Սուրբ խորանի առջև աղոթելու ցանկություն է հայտնել: Նա նաև Հայաստանում իրականացվող մի շարք սոցիալական ծրագրերի բարերարն է, այդ թվում՝ նաև Աշոցքում գործող հիվանդանոցի: Վատիկանից այցելած ցանկացած հյուր այցելում է նաև Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ որպես Հայ Կաթողիկե աթոռանիստ եկեղեցի, ավելին, այս անգամ պատիվ ունեցանք ներկա գտնվել Սուրբ Պատարագի՝ մատուցված ձեռամբ կարդինալի»,-«Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Մինչ խոսքով ժողովրդին դիմելը՝ արքեպիսկոպոս Գուալթերո Բասեթին Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին և հավատացյալ ժողովրդին փոխանցեց Հռոմի պապ Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետի ողջույնը: «Մենք՝ եպիսկոպոսական այս դասը, շատ ուրախ ենք այս հիասքանչ երկրում, այս սուրբ հողի վրա պատարագ մատուցելու համար: Հայաստանն այն երկիրն է, որ հին ժամանակներից ի վեր իր սրտում ընդունել ու տանում է Ավետարանի խոսքը:

Մենք այս ընթացքում մեծ հուզմունքով եղանք այն վայրում, որտեղ մեր քույրերի և եղբայրների վերքերի մեջ տեսանք նաև Քրիստոսի վերքերը, խոսքը վերաբերում է Ցեղասպանության թանգարանին: Այս ամենով մենք պետք է գիտակցենք, թե ինչպիսի քրիստոնյաներ ենք: Մենք պետք է քրիստոնյա լինեք ոչ թե խոսքերով, այլ ապրումով, մեր կյանքի կենսակերպով»,-իր խոսքում նշեց կարդինալը՝ պատգամելով գործել ոչ թե նյութականով, այլ հոգևորով: Գերաշնորհ հայրն իր խոսքում անդրադարձավ նաև 1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառած վնասներին՝ փաստելով, որ շատ լավ է պատկերացնում այն ցավն ու վիշտը, որ տարել է հայ ազգը: «Պետք է ասեմ, որ մենք էլ նույն ճակատագիրն ենք կիսում, քանի որ Իտալիայի կենտրոնական հատվածում մենք նույնպես ապրել ենք այդ արհավիրքը»,-հավելեց կարդինալը՝ խնդրելով բոլոին աղոթել, որպեսզի արհավիրք տեսած տարածքների բնակչությունն այլևս երբեք իր հույսը չկորցնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում