Վարչապետի աշխատակազմն անցնում է Հայաստանում արտադրված «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը

Վարչապետի աշխատակազմն անցնում է Հայաստանում արտադրված «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ Վարչապետի աշխատակազմը անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը, որոնք նույնպես արտադրվում են Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճներում ևս այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Կառավարության հուլիսի 4-ի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց առջև տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ:

«Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում ոչ միայն ծրագրային ապահովման, այլև կոնկրետ արտադրանքի իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովում ևս պետք է նման փոփոխություն տեղի ունենա: «Պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի հնարավորություն կա»,- նկատեց վարչապետը:

Փաշինյանը կոչ արեց ՀՀ բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը: «Դա և հաճելի, և շահավետ, և մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում