Եթե «Լիդիան»-ը հանքն էլ է այնպես շահագործելու, ինչպես ֆիլմ է նկարում, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է

Եթե «Լիդիան»-ը  հանքն էլ է այնպես շահագործելու, ինչպես ֆիլմ է նկարում, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է

«Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի նախագահ` Էլիզաբեթ Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօր Lydian Armenia ընկերությունը ներկայացրեց Paradiplomacy-ի կողմից մոտ մեկ տարի առաջ նկարահանված «Ամուլսար. պետության բնանտարբերություն» ֆիլմի այսպես կոչված «հակաֆիլմը», որում ընկերությունը փորձել է կատարված աշխատանքը ներկայացնել իբրև ինչ֊որ երրորդ անձանց պատվեր, իսկ ֆիլմում տեղ գտած տեղեկությունը՝ ապատեղեկատվություն։ Նախ պետք է անկեղծ շնորհակալություն հայտնեմ Lydian Armenia-ին մեր ֆիլմը ևս մեկ անգամ գովազդելու համար (արդեն ստանում ենք դրական արձագանքներ մարդկանցից, ովքեր մինչ այս չէին իմացել ու չէին տեսել մեր ֆիլմը), երկրորդը, պետք է խոստովանեմ, որ մի փոքր հիասթափված եմ իրենց կողմից կատարված աշխատանքի որակով, քանի որ կարծում եմ, որ մեկ տարում կարելի էր շատ ավելի որակյալ աշխատանք կատարել, աշխատանք, որը հիմնված կլիներ գիտական փաստերի և ոչ մանիպուլյատիվ արտահայտությունների վրա։ Ֆիլմում մենք չտեսանք մի շարք հարցերի պատասխաններ և հակափաստարկներ այնպիսի կարևորագույն թեմանեիի վերաբերյալ, ինչպիսին է օրինակ Լիդիանի գործունեության ազդեցությունը Ջերմուկի վրա։

Այս մասով ֆիլմի հեղինակներին կարծես չի հաջողվել նույնիսկ շինծու պարզաբանումներ հորինել։ Ֆիլմում շեշտը դրված է այն չփաստարկված տեսակետի վրա, թե իբր մեր կողմից նկարահանված ֆիլմը ինչ-որ մեկի պատվեր է ու թե մենք էլ սովորական պատվեր կատարող ենք։ Պետք է փաստեմ, որ այո, մենք կատարել ենք պատվեր, սակայն պատվիրատուն ոչ թե ինչ-որ անձիք են, այլ մեր երկրի հասարակությունը։ Paradiplomacy-ին ամեն օր անդրադառնում է հանրությանը հուզող բազմաթիվ հարցերի և ներկայացնում դրանց օբյեկտիվ պատկերը։ Ամուլսարի ֆիլմը մեր ամենօրյա աշխատանքի ընդամենը մի փոքր մասն է, որը մենք կատարել ենք մեծ սիրով ու պատասխանատվությամբ, քանի որ գտնում ենք, որ հանրությունն ունի իրավունք լինելու լիարժեք իրազեկված մեր երկրին սպառնացող այնպիսի լուրջ վտանգների մասին, որոնցից է Ամուլսարի հանքի շահագործումը։

Վերջում ուզում եմ տեղեկացնել, որ մենք մոտ ժամանակներս անպայման կանդրադառնանք Lydian Armenia-ի ներկայացրած այս «ֆիլմին» և վստահեցնում եմ, որ մեզ դրա համար անհրաժեշտ չի լինի մեկ տարի ժամանակ։ Հարգելի Լիդիան, եթե դուք հանքն էլ եք շահագործելու այնպես, ինչպես ֆիլմ եք նկարում, ամեն ինչ ավելի վատ է, քան կարելի էր պատկերացնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում