Հայ-ռուսական հարաբերությունները պետք է շարունակեն խորությամբ զարգանալ. Արամ Սաֆարյան

Հայ-ռուսական հարաբերությունները պետք է շարունակեն խորությամբ զարգանալ. Արամ Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններում հայ-ռուսական հարաբերություններին ուղղված վտանգ չի տեսնում: Այս մասին հուլիսի 7-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց վերլուծաբանը:

«Ես չեմ տեսնում այնպիսի մթնոլորտ, որը կարող է խորքային վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին: Բայց իրողություն է, որ նոր կառավարությունը դեռ պետք է յուրացնի այն ամբողջ գործիքակազմն ու բառապաշարը, որը բնորոշ է հայ-ռուսական ավանդական, ջերմ, բարիդրացիական հարաբերություններին»,– նշեց Սաֆարյանը:

Վերլուծաբանի խոսքով` ՀՀ նոր իշխանությունների կողմից կարող են լինել չմտածված քայլեր: Դրանց կանխարգելումն, ըստ վերլուծաբանի, միայն իշխանության մարմինների խնդիրը չէ:

«Այստեղ և հասարակությունը դեր ունի, և փորձագիտական միջավայրը, և քաղաքական միջավայրը: Իհարկե, նաև նոր իշխանությունը խնդիր ունի այդ դաշտի մեջ տեղավորվելու և հարմարվելու։ Առաջ եղել են այլ հանգամանքներ, արտահայտվել են այլ կարծիքներ և այդ կարծիքները բնակչության մի մասի մոտ ընդունելության են արժանացել, բայց այսօր իրողությունները փոխվել են։ Այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրինական իշխանության ղեկավար է և դատապարտված է ներկայացնելու ողջ հայ ժողովրդի, ողջ հայաստանյան հասարակության տեսակետներն ու դիրքորոշումները»,– ասաց վերլուծաբա! նը:

Արամ Սաֆարյանը վստահեցնում է, որ հասարակության տեսակետները հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մեծամասամբ շարունակում են մնալ դրական: Նրա համոզմամբ, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները պետք է խորությամբ և լայնությամբ շարունակեն զարգանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում