Տնտեսագետը ԵԱՏՄ-ում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունն իրացնելու ջատագով է

Տնտեսագետը ԵԱՏՄ-ում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունն իրացնելու ջատագով է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկավոր է օգտագործել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ընձեռված բոլոր հնարավորությունները՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» համաժողովին հայտարարեց Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

«ԵԱՏՄ երկրների միջև կան համագործակցության հեռանկարներ պաշտպանության ոլորտում, նանոտեխնոլոգիաների, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի և սարքաշինության ոլորտներում, շինանյութերի արտադրությունում և պղնձաձուլարանների կառուցման, քիմիական արդյունաբերության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության, դեղամիջոցների արտադրության և տուրիզմի զարգացման մեջ ներդրումների ներգրավման համար»,-ասաց տնտեսագետը:

Բանախոսն ընդգծեց, որ ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը։ Հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։

«Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ- ապրանքների և ծառայությունների արտահանում 50 տոկոս հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցեց 2 մլրդ դոլարը՝ կազմելով` 2.2 մլրդ դոլար: 2017թ. ընթացքում ունենք 25 տոկոս արտահանման էական աճ: 2018թ. առաջին եռամսյակում արտահանումը կազմել է 596 մլն դոլար, որը 34.3 տոկոսով ավելին է, քան 2017թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշը: Արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է 47.6 տոկոսով: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճեց մոտ 50 տոկոսով, ինչը ԵԱՏՄ անդամակցության պայմաններում ՀՀ տնտեսության մրցունակության աճի կարեւոր գործոն է: Առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը 5 մլրդ դոլարի հասցնելու համար»,-նշեց տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորը:

Նա նկատեց, որ ԵԱՏՄ-ն փաստացի ստեղծել է լրացուցիչ հնարավորություններ արտոնյալ վարկեր ստանալու համար, առաջին հերթին՝ պաշտպանության ամրացման համար: Թավադյանն ասաց, որ Ռուսաստանից ստացվել են կոնկրետ նպատակային վարկեր, այդ թվում՝ երկու արտոնյալ վարկ 300 մլն դոլար ծավալով՝ ուղղված Հայաստանի պաշտպանության ամրացմանը և 270 մլն դոլար նպատակային վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ՝ ուղղված ատոմակայանի վերազինմանն ու շահագործման երկարացմանը:

«Նկատի ունենալով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 4-րդ հոդվածը, հրատապ խնդիր է ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին, ռազմավարական օբյեկտների կոոպերացման և արդիականացման ճանապարհային քարտեզի մշակումը։ Հրատապ խնդիրներ են նաև ԵԱՏՄ երկրների ստանձնած պայմանագրային պարտավորությունների հստակ կատարումը, մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացումը, առաջին հերթին՝ համաձայնեցումը գնաճի և ազգային արժույթների փոխարժեքի հարցում և անցումը ազգային արժույթով փոխհաշվարկների»,-հավելեց բանախոսը:

Աշոտ Թավադյանի խոսքով՝ չափազանց կարևոր են նաև կոռուպցիային դիմակայելու ծրագրերի մշակումը և դրանց հստակ իրականացումը։ Նա կարեւորեց մաքսային խնդիրները և էներգառեսուրսների գների ազատականացման և կոորդինացման հետ կապված հարցերը ԵԱՏՄ-ում։ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայուն և փոխկապակցված աճի համար այս խնդիրների լուծումը առաջնահերթ է»,-հայտարարեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում