Ավազակային հարձակման է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող մանր եղջերավոր անասուններ պահող հովիվը

Ավազակային հարձակման է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող մանր եղջերավոր անասուններ պահող հովիվը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, Shamshyan.com: Այսօր, հուլիսի 7-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի) և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել են Կոտայքի մարզում տեղի ունեցած հարձակման դեպք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Նազիկ Ամիրյանի կողմից, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Խազալ Հասանյանը և հայտնել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում իր տնակի մոտ են եկել «Նիվա» և «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որտեղ գտնվող անձինք եղել են դիմակավորված, իսկ «Նիվայի» վարորդի ձեռքին էլ եղել է կացին:

Խ. Հասանյանը հայտնել է, որ կացինով զինված անձը սպառնացել է, որ աղմուկ չհանի, հակառակ դեպքում՝ առանց աչք թարթելու, իրեն կկացնահարի, որից հետո սկսել են հափշտակել գառները:

Այդ ամենից հետո նրանք փորձել են դիմել փախուստի և ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել մի քանի գառներ և ոչխարներ:

Նշված հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու նպատակով Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել քննիչ Հ. Վարդանյանը: Վերջինիս կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 52-ամյա Անդրանիկ Դոդորյանին: Պարզվել է, որ Ա. Դոդորյանը ավազակային հարձակումը կատարել է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներ, 48-մյա Արտավազդ Ղազարյանի, 49-ամյա Ներսես Խաչատրյանի, Երևանի բնակիչ, 39-ամյա Գարի Ավետիսովի և Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 44-ամյա Արթուր Մնացականյանի հետ:

Ա. Ղազարյանը և Ն. Խաչատրյանը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել քննչական բաժին, որտեղ քննիչը նրանց լսելուց հետո նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակության չհեռանալու պայմանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գ. Ավետիսովին և Ա. Մնացականյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, քննիչը որոշում կայացրել որպես տուժող ճանաչել Էջմիածին քաղաքի բնակիչ Նազիկ Ամիրյանին, ով վերջերս կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի կինն է, ով քննիչին հայտնել է, որ այս պահին չի կարող հայտնել, թե քանի գլուխ անասուն է հափշտակվել և քանի գլուխ սատկել՝ վրաերթի հետևանքով:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Դոդորյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է. նա նախկինում մի քանի անգամ դատված է եղել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում