Ամուլսարի՝ միջազգային դատական ատյաններին ընդառաջ

Ամուլսարի՝ միջազգային դատական ատյաններին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Չորս տարի է բնապահպանները բարձրաձայնում են Ամուլսարի ծրագրի կապակցությամբ իրենց մտահոգությունները, ընդգծում, որ ծրագիրը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները։

Տաս օրից ավելի է Ամուլսարի ոսկու հանքավայր մտնող մուտքերը փակել են հանքի հարակից համայնքների բնակիչները՝ բողոքելով իրենց գյուղերին հասցված վնասներին։ Բաց այդ, նրանք համոզված են, որ Ամուլսարում հանքարդյունաբերության ամեն օրը բնությանը անդառնալի վնաս է հասցնում։

Հանքի շահագործմամբ զբաղվում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով: Նաև նշում են, որ հանքում աշխատանքների դադարեցման ամեն օրը մեծ վնասներ է հասցնում ընկերությանը:

Նախօրեին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարություն էր տարածել, որի համաձայն փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին։

Panorama.am-ը Արա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հանկարծ Փաստաբանների պալատն որոշեց Ամուլսարի հարցով իրավաբանական օգնություն կազմակերպել բնապահպանների համար, քանի որ այդ խնդրի մասին բնապահպաններն արդեն վաղուց են բարձրաձայնում։

«Փաստաբանների պալատը հանրության համար նշանակություն ունեցող հարցերում միշտ էլ փորձել է օգտակար լինել: Օրինակ, կենսաթոշակային նոր համակարգի, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի առնչությամբ, հրապարակային իր մտահոգությունն է հայտնել, կազմակերպել է սիրիահայերին անվճար իրավաբանական օգնությունը, ինչպես նաև կազմել է վերջիններիս իրավունքները պարզաբանող ձեռնարկ, 2016, 2017, 2018թթ. տարբեր բողոքների ակցիաների մասնակցներին առաջին իրավաբանական օգնությունը կազմակերպելու համար ձևավորել է փաստաբանների խմբեր և օգնել է բերման ենթարկված քաղաքացիներին»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, Ամուլսարի հարցով փաստաբանների խումբ ձևավորելու միտքը ծնվեց այն ժամանակ, երբ հիմնավոր կասկած առաջացավ, որ կառավարությանը փորձում են «վախեցնել» միջազգային դատական գործընթացներով: Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ, ի վերջո, բնապահպանների և փորձագետների ներկայացրած մտահոգություններին պետք է ուշադրություն դարձնել և հանրությունը կհանգստանա միայն այն ժամանակ, երբ վստահելի, թափանցիկ փորձագիտական հետազոտություններ իրականացվեն և տրվեն մտահոգող հարցերի պատասխանները:

«Իսկ, եթե պարզվի, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունները կամ եզրակացությունները տրվել են իրավական գործընթացների խախտումներով և կոռուպցիոն գործարքների արդյունքում, ապա կարծում եմ, որ միջազգային դատական ատյաններում մեղավորները հաջողություն չեն ունենա»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում