Առաջարկվում է մեկ անգամ տարկետում տրամադրել հանրակրթական դպրոցում սովորող աշակերտին, եթե անգամ լրացել է նրա 19 տարեկանը

Առաջարկվում է մեկ անգամ տարկետում տրամադրել հանրակրթական դպրոցում սովորող աշակերտին, եթե անգամ լրացել է նրա 19 տարեկանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է տարկետում տրամադրել հանրակրթական դպրոցի ավարտական դասարանում գտնվող 19-ամյա աշակերտներին:

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշեց, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը չի նախատեսում տարկետում դպրոցում սովորող աշակերտների համար, մինչդեռ մյուս կողմից որոշ աշակերտներ 19 տարեկանում են ավարտում դպրոցը, և Կրթության մասին օրենքի համաձայն՝ հանրակրթական ուսումը պարտադիր է յուրաքանչյուր քաղաքացու համար:

«Հիմա մենք առաջարկում ենք մեկ անգամ տրամադրել տարկետում հանրակրթական դպրոցում սովորող աշակերտին, եթե անգամ լրացել է նրա 19 տարեկանը»,- նշեց Բալայանը:

Նա ընդգծեց, որ չարաշահումներից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար՝ որոշում է կայացվել վատ առաջադիմություն ցուցաբերած և նույն դասարանում մնացած աշակերտներին տարկետում չտրամադրել.

««Մեկ անգամ» բառակապակցությունը առաջարկվում է կոռուպցիոն ռիսկը նվազեցնելու համար, որովհետև եթե անձը իմանա, որ ունի մի քանի անգամ տարկետում ստանալու իրավունք, կարող է դիտմամբ վատ սովորել ու մնալ նույն դասարանում», – ասաց փոխնախարարը:

Նա նկատեց, որ այս կարգավորումը «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախկին ՀՀ օրենքները ամրագրված էր, մինչդեռ գործող օրենքից այս դրույթները դուրս են մնացել:

Փոփոխություններով առաջարկվում է նաև արտերկրից եկած և այստեղ ուսումը շարունակող աշակերտներին ևս տարկետում տրամադրել: Ըստ նախարարի՝ սա նաև կնպաստի ներգաղթին, և ծնողներն այլևս մտավախություն չեն ունենա, որ երեխաները կզորակոչվեն բանակ՝ առանց դպրոցն ավարտելու:

«Այս զորակոչի համար ընդամենը 11 հոգի ունենք նմատիպ խնդրով, որոնցից 10 հոգին Ռուսաստանից են վերադարձել, որտեղ կրթական ծրագրի տևողությունը 11 տարի է, մեզ մոտ՝ 12: Ընդ որում այստեղ նրանք մեկ տարի ցածր դասարան են նստում», – նշեց Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում