Ի՞նչ են քննարկել Սամվել Բաբայանը և Բակո Սահակյանը. մանրամասնում է Դավիթ Բաբայանը

Ի՞նչ են քննարկել Սամվել Բաբայանը և Բակո Սահակյանը. մանրամասնում է Դավիթ Բաբայանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, 168.am:  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումն անցել է «նորմալ, գործնական» մթնոլորտում։ 168.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ասաց, որ հանդիպման հիմնական թեման եղել է սահմաններում ստեղծված իրավիճակը։

Հարցին՝ Արցախի Հանրապետության ներքին քաղաքական կյանքի հետ կապված հարցեր չե՞ն քննարկվել, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Միգուցե արծարծվել են, բայց հիմնական թեման եղել է սահմաններում տիրող իրավիճակը։ Ինչ վերաբերում է Արցախի ներքին կյանքին, ապա Սամվել Բաբայանը մինչ այդ մի քանի անգամ արտահայտել է իր տեսլականը և դիրքորոշումը, դա այն է, որ կայունություն պետք է պահպանվի Արցախում, որ անթույլատրելի է արհեստականորեն սրելը, պետք է սպասել 2020 թվին, որից հետո կլինեն համաժողովրդական ընտրություններ»։

Դ. Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ կողմից է եղել հանդիպման նախաձեռնությունը։ Ի պատասխան՝ Դ. Բաբայանն ասաց. «Կարծում եմ՝ նման հանդիպումը եղել է պահանջված և օբյեկտիվ երկու կողմերից էլ։ Կարծում եմ՝ երկուսն էլ շահագրգռված էին նման հանդիպում ունենալ, առանձնակի չի եղել ինչ-որ մի կողմ, որը նախաձեռնել է, այդպես ստացվել է ուղղակի օբյեկտիվ պատճառներով»։

Հարցին՝ որտե՞ղ է տեղի ունեցել հանդիպումը, Դ. Բաբայանը պատասխանեց` Ստեփանակերտում։

Հիշեցրեցինք, որ Ս. Բաբայանն ասել էր, որ Արցախ կգնա, երբ ՀՀ իշխանությունները նման որոշում կայացնեն։ Ի պատասխան՝ Դ. Բաբայանն ասաց. «Ինքը նկատի ուներ իր հետագա քաղաքական կարիերայի մասին, երբ դա ասել է, իսկ այս այցը որևէ քաղաքական ենթատեքստ չունի, ինքը դրա մասին հայտարարել է, որ գալիս է Արցախ, որպեսզի ծաղիկներ դնի զոհված ազատամարտիկների շիրիմին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում