Մուրադ Մուրադյանը վստահեցնում է՝ Մասիսի քաղաքապետը փորձել է հանդարտեցնել վեճը

Մուրադ Մուրադյանը վստահեցնում է՝ Մասիսի քաղաքապետը փորձել է հանդարտեցնել վեճը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am։ Արարատի մարզից պատգամավոր ընտրված ՀԿԿ-ական Մուրադ Մուրադյանը կարծում է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն անհիմն է կալանավորվել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը կարծիք հայտնեց, որ Մասիսի քաղաքապետը, ով ներկայում կալանավորված է և մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բռնություն գործադրելու և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ, իբրև փորձել է հարթել ոստիկանների ու քաղաքացիների միջև առաջացած վեճը։ «Այնտեղ, որտեղ ասում են Դավիթ Համբարձումյանի հեռախոսազանգը համընկնում է, այդտեղ է գտնվում նրա հայրական տունը, բա ինքը որտե՞ղ պետք է լիներ։ Եթե նա Մասիսի շրջանի Հանրապետական կուսակցության նախագահն է, մեծ աղմուկ, մեծ կռիվ է եղել, չպե՞տք է գնար, ես էլ լինեի, կգնայի, պիտի ասեիք ե՞ս էի արել»,-ասաց Մուրադ Մուրադյանը։

Նա նշեց, որ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գնացել է ընդամենը հանդարտեցնելու վեճը։ Հարցին ի պատասխան, արդյոք պատգամավորն ակնարկում է, որ Մասիսի քաղաքապետի «գլխին սարքում են»՝ նա նշեց. «Քաղքապետի աթոռն է պետք շատ-շատերին»։ «Այսինքն՝ նոր իշխանությունների՞ն է պետք քաղաքապետի աթոռը» հարցին պատգամավոր Մուրադյանը պատասխանեց. «Այստեղ այնքան թայֆա կա մինչև նոր իշխանություններին հասնելը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում