Ամուսինները սոցիալական խնդիրների պատճառով հետաձգում են հաջորդ երեխայի ծնունդը

Ամուսինները սոցիալական խնդիրների պատճառով հետաձգում են հաջորդ երեխայի ծնունդը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանում իրականացվել է հետազոտություն՝ պարզելու համար, թե ամուսնական զույգերը քանի երեխա են ցանկանում ունենալ, քանիսն են ունենում և որոնք են պատճառները, որ ցանկության դեպքում, այնուամենայնիվ, չեն ունենում պլանավորված քանակով երեխաներ:

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Բնակչության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիս` «ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները 2017 թ.» թեմայով:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյանի փոխանցմամբ` ՄԱԿ-ի ուսումնասիրությունների կանխատեսումների արդյունքում Հայաստանի բնակչությունը 2050 թվականին, ըստ լավատեսական սցենարի, կարող է լինել 3.1 միլիոն, ըստ վատատեսական սցենարի` 1.7 միլիոն: Կանխատեսումների մեջ հաշվի չեն առնվել այն իրադարձությունները, որ վերջերս տեղի ունեցան Հայաստանում: Հարությունյանը հույս է հայտնում, որ դրական դինամիկան ճիշտ օգտագործելով կանխատեսումների մեջ ևս դրական տեղաշարժեր կնկատվեն:

«Նպատակ ունենք հասկանալու, թե ինչ աջակցություն կարող ենք տրամադրել, ամուսիններին որպեսզի իրենց ցանկությունները կյանքի կոչեն: Ըստ մեր հետազոտության` Հայաստանում ունենք բաց և խնդիր ցանկալի թվով երեխաների և փաստացի թվով երեխաների թվաքանակում: Պետությունը պետք է համապատասխան միջավայր ստեղծի, որպեսզի ամուսինները կարողանան ունենալ հաջորդ պլանավորած երեխան, որն էլ բեռ չի հանդիսանա իրենց ընտանիքի բարեկեցության վրա»,- ասաց Ծովինար Հարությունյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ժողովրդագրության բաժնի պետ Անի Ասլանյանը նշում է, թե հետազոտության արդյունքում պարզվել է, որ զույգերի մոտ երեխաների ցանկալի թիվը հիմնականում եղել է երեքը, սակայն կան խոչընդոտներ, որոնց պատճառով ամուսնական զույգը հետաձգում է հաջորդ երեխայի ծնունդը: Հիմնականում այդ խնդիրների պատճառը համապատասխան աշխատատեղի, արժանի վարձատրության բացակայությունն է (15%) և ամուսնական զույգի մոտ երկիրը լքելու ցանկությունը:

Հետազոտության նպատակն է եղել պարզել բնակչության վերարտադրողական վարքագծի վրա ազդող գործոնները, ինչպես նաև բնակչության վերարտադրողական վարքագծի ընդհանուր միտումները և իրավիճակը Հայաստանում: Ընտրանքային հարցումը կատարվել է շուրջ 2301 տնային տնտեսությունների շրջանում, որոնցում առկա է եղել 15-45 տարեկան վերաարտադրողական տարիքի կին և 15-54 տարեկան վերարտադրողական տարիքի տղամարդ: Հետազոտությունը իրականացվել է Երևան քաղաքում և 4 մարզերում:

«Մարզերի ընտրությունը ևս պատահական չի եղել: Ընտրության համար նշել ենք առաջնային և երկրորդական գործոններ: Առաջնային գործոն եղել է մարզում ծնելիության մակարդակը, ինչպես նաև մարզի սահմանամերձ լինելը»,- պարզաբանում է Ասլանյանը:

Անի Ասլանյանը փաստում է նաև, որ ամուսնական զույգը որևէ միտում չունի առողջապահական պրոֆիլակտիկ ծառայություններից օգտվելու. հարցվածների շրջանում այդ ծառայություններից օգտվել է շուրջ 26,9%-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում