Նախատեսվում է բոլոր հանրային հանգստի գոտիները դարձնել անվճար

Նախատեսվում է բոլոր հանրային հանգստի գոտիները դարձնել անվճար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ-ի բոլոր հանրային հանգստի գոտիները նախատեսվում է դարձնել անվճար ու հասանելի բոլորի համար:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով, հանրապետության զբոսաշրջային ուղղությունների, հանգստի գոտիների, պատմամշակութային, բնական ու պատմական հուշարձանների տարածքները հանրության համար անխոչընդոտ հասանելի դարձնելու, ինչպես նաև աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կանոնակարգող՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթների արդյունավետ կիրարկման ապահովման հարցերի քննարկման նպատակով կազմակերպվել է աշխատանքային հանդիպում։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանն ասաց, որ հանրային, մշակութային, պատմամշակութային հուշակոթողների տարածքներում տարիներ շարունակ խնդիրներ են կուտակվել:

«Խնդիրն այն է, որ այսօր Հայաստանի տարբեր վայրերում կան այնպիսի կետեր, որոնք գումարով են տրամադրվում զբոսաշրջիկներին՝ մեքենաները կայանելու, մոտ 10 րոպե նստելու համար կամ խորոված անելու համար: Այս խնդիրը մի քանի շերտ ունի: Կան դեպքեր, որ այդ տարածքներն ընդհանրապես սեփականատերեր չունեն և ինչ-որ մեկը եկել ու համարում է, որ այդ հատվածն իրենն է: Այլ խնդիրներ էլ կան՝ կեղծ փաստաթղթեր են ներկայացնում կամ դրանք թերի են լինում ու որևէ կերպ փորձում են այդ տարածքները ներկայացնել որպես իրենցը»,- նշեց Գևորգյանը և հավելեց, որ այն տարածքները, որոնք ինչ-որ որոշմամբ պատկանում են ՍՊԸ-ների կամ անհատի, մարզպետարանների տիրույթում են:

Նա ընդգծեց, որ իրենց գերատեսչությունը պետք է սերտորեն համագործակցի ՀՀ ոստիկանության հետ՝ հասկանալու, թե ով ինչ դերակատարում ունի այս հարցերում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Աղասի Կիրակոսյանն անդրադառնալով խնդրին՝ ասաց, որ հանրապետությունում ամառային հանգստի մեկնարկի հետ կապված հասարակական վայրերում հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման նպատակով ՀՀ ոստիկանությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում:

«Ոստիկանության տարածքային մարմինների կողմից գործարկվել է իրենց ծառայության պլանը: Համաձայն դրա ոստիկանության վերակարգերի կողմից սպասարկվող երթուղիները մոտեցվել են հանգստի և զվարճանքի վայրերին, զբոսաշրջության համար հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային համալիրներին, հյուրանոցներին և ժամանցի վայրերին, որտեղ նկատվել են օտարերկրացիների կուտակումներ: Վերջին տարիներին՝ տուրիզմի զարգացումը դարձել է ՀՀ առաջնային ուղղություններից մեկը և ՀՀ ոստիկանությունը ևս ներգրավված է ոլորտի զարգացման աշխատանքներում»,- ընդգծեց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով, նախատեսվում է հանգստի և զվարճանքի վայրերում պատշաճ ծառայություն իրականացնել:

«Մեր երկրում կան հանրային այնպիսի գոտիներ, որտեղ քաղաքացիները կամ օտարերկրացիները ցանկանում են հանգստանալ, բայց մասնավոր անձանց կողմից այդ հատվածների փակ լինելու պատճառով չեն կարողանում ազատ մուտք գործել այդ տարածքներ: Այս ամենը պետք է բացառվի, բոլոր հանրային գոտիները պետք է բաց լինեն բոլորի համար»,- շեշտեց ՀՀ ոստիկանապետի տեղակալը:

Աշխատանքային հանդիպման ժամանակ կոչ արվեց բոլոր գերատեսչություններին համագործակցել միմյանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում