Հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ զինծառայությունից խուսափած շուրջ 100 երիտասարդ է վերադարձել

Հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ զինծառայությունից խուսափած շուրջ 100 երիտասարդ է վերադարձել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիք վերադառնալու ու հայկական բանակում պարտքը կատարելու կոչից հետո, հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձ:

Այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը և հավելեց, որ նախորդ տարվա համեմատ այն եռապատկվել է:

«Այդ անձինք լսելով ՀՀ վարչապետի հորդորը, ինչպես նաև ոստիկանության կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր վերադարձել են Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Մուրադյանը:

Մուրադյանը կամավոր վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տալիս, որպեսզի նախօրոք իրենց վերադարձի մասին տեղյակ պահեն իրավապահ մարմիններին:

«Հնարավորության դեպքում տեղյակ պահեն իրենց բնակության վայրը սպասարկող տարածքային ոստիկանությանը կամ տվյալ երկրում հյուպատոսությանը: Դա արվում է, որպեսզի նրանց վերադարձի մասին համապատասխան գրությունով տեղեկացվի տվյալ երկրի սահմանապահ զորքերին կամ ոստիկանության ստորաբաժանմանը»,- ասաց Մուրադյանը:

Նրա խոսքով, օդանավակայանում անձին դիմավորելու են ոստիկանության աշխատակիցները և ներկայացնելու նախաքննական մարմին, որտեղ կազմակերպվելու են խափանման միջոցի փոփոխման հարցերը, որից հետո նա պետք է ներկայանա զինվորական կոմիսարիատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում