Երթևեկության կանոնների խախտման համար տուգանք վճարած վարորդները ևս համաներման կարժանանան

Երթևեկության կանոնների խախտման համար տուգանք վճարած վարորդները ևս համաներման կարժանանան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Համաներման ակտի նախագծում ներառվել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի առաջարկը՝ համաներում տարածել այն անձանց նկատմամբ, ովքեր վճարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:

Այս վարորդները համաներման արդյունքում այլևս չեն համարվի խախտում կատարած:

«Դա կարվի հետևյալ կերպ՝ այդ անձինք համաներման ակտի ընդունման պահից կհամարվեն խախտում չկատարած, այսինքն այն ռեժիմը, ով մեկ տարվա ընթացքում խախտում է անում և այդ կրկնակիությունը բարդացնող հանգամանքների է բերում, այս ակտով դա թուլացնում ենք», – ԱԺ-ում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծի երկրորդ ընթերցման ժամանակ ասաց հարցով հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհանիսյանը:

Նա ընդգծեց, որ չեն ընդունվել ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների մի շարք առաջարկներ, որոնք վերաբերել են բարեխիղճ վարորդների վճարած գումարները վերադարձնելուն, համաներումը մինչև 2018 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսելուն և այլն:

Նախագծով համաներում չի տարածվի նաև ոստիկանի կարգադրությանը դիտավորյալ չենթարկված քաղաքացիների վրա:

Նախագծով նախատեսվում է նաև վարորդներին ներել 2012-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն արձանագրված իրավախախտումները, այսինքն՝ 13,7 մլրդ դրամի գումար:

Նախագիծը տարածվում է տեսանկարահանված ու լուսանկարահանված 150 000 և ճանապարհապարեկային ոստիկանության կողմից արձանագրված 700 000 վարչական իրավախախտումների վրա:

ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, սակայան գոհ չմնաց նման որոշումից՝ պնդելով, որ պետք է հավասարություն նշել դնել տուգանքները վճարած և չվճարած վարորդների միջև ու այդ հարցը կարելի է լուծել հատկացված 13,7 մլրդ դրամը օգտագործելով երկուսի համար էլ:

«Սա բարեխիղճ վարորդների նկատամամբ ոչ համարժեք, ոչ ճիշտ մոտեցում է», – ասաց նա:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում