Չեմ կարծում, թե ԸՕ-ի վերաբերյալ Իոաննիսյանի դիտարկումները Նիկոլ Փաշինյանի մոտեցումն է. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Չեմ կարծում, թե ԸՕ-ի վերաբերյալ Իոաննիսյանի դիտարկումները Նիկոլ Փաշինյանի մոտեցումն է. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է հուլիսի 13-ին կայանալիք ԱԺ-ում ստեղծված ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբին առաջարկել «պաուզա» վերցնել։

«Միգուցե լավ կլինի, որ խորհրդարանական ձևաչափը այս փուլում վերցնի պաուզա, քանի որ մենք մեր հիմնական խնդիրը, ըստ էության, լուծել ենք. խորհդարանական բոլոր 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ իրենց հիմնական առաջարկները ներկայացրել են, և մենք առաջարկում էինք, որ մեր երկու ֆորմատները համատեղվեին։ Բայց, կարծես թե, կառավարության համար ընդունելի չէ, եթե, իհարկե, Դանիել Իոաննիսյանը ներկայացնում է կառավարության տեսակետը», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին ԸՕ-ում փոփոխությունների մշակմամբ զբաղվող խորհրդարանական աշխատանքային խմբի նիստում կառավարությանն առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը իրենց համար ընդունելի չէր համարել երկու ձևաչփերի միավորումն ու ասել էր, որ կառավարական հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է և հենց իրենք էլ մշակելու են Ընտրական օրենսգրքի փոփոխություններրը։

Նաիրա Զոհրաբյանը ռացիոնալ չի համարում երկու տարբեր նախագծեր պատրաստելը, քանի որ Ընտրական օրենսգիրք ունենալու համար պետք է մեկ միասնական գործ անել։

«Վենետիկի հանձնաժողովը ևս հորդորել է Ընտրական օրենսգիրքը ընդունել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջև կոնսենսուսի արդյունքում», – ասաց Զոհրաբյանը։

Ընտրական օրենսգրքում վիճահարույց համարվող ընտրակարգի շուրջ քաղաքական կոնսենսուս այս պահին չկա՝ Հանրապետականը առաջարկում է գործող ընտրակարգը՝ տարածքային բաց ցուցակներով, Դաշնակցությունը՝ 100 տոկոսանոց համամասնական բաց ցուցակներով, իսկ «Ելք»-ը և «Ծառուկյան» խմբակցությունները՝ համամասնական՝ փակ ցուցակներով։

 Հարցին, թե չկա՞ տպավորություն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է շրջանցել նախկինում ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի անհրաժեշտության վերաբերյալ արված հայտարարությունները, Զոհրաբյանը պատասխանեց.

«Ոչ, նման տպավորություն չկա, որովհետև ես Նիկոլ Փաշինյանից և Արարատ Միրզոյանից չեմ լսել հայտարարություն, որ իրենք դեմ են կոնսենսուսով աշխատելուն կամ իրենք դեմ են, որ Ընտրական օրենսգրքի շուրջ լինի քաղաքական ուժերի ու քաղհասարակության միջև կոնսենսուս։ Չկա նման տպավորություն։ Ի վերջո, ԸՕ-ն ընդունելու է Ազգային ժողովը և, եթե չլինի կոնսենսուս, չեմ պատկերացնում, թե այդ օրենսգիրքն ինչպես կարող է անցնել։ Կարծում եմ՝ մենք կգնանք համախոհության, այն է՝ կոնսենսուսի ճանապարհով»։

Անդրադառնալով ԱԺ աշխատանքային խմբում Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին՝ Զոհրաբյանն ասաց, որ չի կարծում, թե Իոաննիսյանի դիտարկումները Նիկոլ Փաշինյանի մոտեցումն է։

«Ես նման տպավորություն չունեմ։ Ես հաճախ հարցը քննարկում եմ Արարատ Միրզոյանի հետ, որը հանձնաժողովի համակարգողն է և տեսնում եմ, որ իրենց կողմից կա հստակ տրամադրվածություն, կա հստակ ցանկություն գնալ կոնսենսուսի ճանապարհով», – ասաց Զոհրաբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում