Մոտիվացիան հնարավոր չէ գնահատել. Ուսանողները դժգոհ են տարկետում տրամադրող հանձնաժողովից

Մոտիվացիան հնարավոր չէ գնահատել. Ուսանողները դժգոհ են տարկետում տրամադրող հանձնաժողովից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Մի խումբ ուսանողներ դժգոհ են ԿԳ նախարարությանը կից ստեղծված տարկետում տրամադրող հանձնաժողովի աշխատանքներից: Ուսանողները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ փորձելով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության անդամներից մեկը նկատեց, որ հանձնաժողովը որոշումներ է կայացնում, որոնք հետագայում չի կարողանում պարզաբանել: Ուսանողները նաև դժգոհում են հանձնաժողովի որոշումը քննելու համար ձևավորված բողոքարկող հանձնաժողովից՝ պնդելով, որ այն ևս անաչառ չի եղել:

Հանձնաժողովի կողմից 20 միավորից 10-ը տրվում է մոտիվացիայի, իսկ 10-ը՝ վերլուծական կարողությունների համար: Մինչև այդ էլ ուսանողները ներկայացնում են միջին որակական գնահատականը, 1-2 երաշխավորագրեր և հոդվածներ, որոնք, սակայն, նախաձեռնության անդամի խոսքով, ինչպես և մոտիվացիոն նամակները չեն ընթերցվում:

«15 անդամի դիմաց միայն հոդվածների վերնագրերն են եղել: Ինչպե՞ս նրանք կարող են գնահատել՝ առանց ծանոթ լինելու բովանդակությանը», – նշեց նա՝ ընդգծելով, որ երբ իրենք պահանջում են պարզաբանել, թե ինչ չափորոշիչներով է կատարվում գնահատումը, իրենց սպառիչ պատասխան չի տրվում.

«Մոտիվացիան հնարավոր չէ գնահատել, այն կամ կա, կամ չկա: Երբ հարցնում ենք, թե ո՞րն է չափորոշիչը, նրանք չեն կարողանում հիմնավորել, թե 10 բալից մեկ միավորն ինչի է հավասար»:

Ուսանողները նաև դժգոհ են նրանից, որ նախապես խոստացվել է՝ հանձնաժողովի աշխատանքները բաց կլինեն, լրագրողները կկարողանան լուսաբանել, ապահովված կլինի ուղիղ եթեր, մինչդեռ լրագրողները ներկա չեն եղել, իսկ ուղիղ եթերով հեռարձակում չի ապահովվել: Հանձնաժողվը պնդել է, որ որոշ ուսանողներ դեմ են ուղիղ եթերին:

Նախաձեռնության անդամն ասաց, որ իրենք փորձել են դժգոհությունն անձամբ ԿԳ նախարարին հայտնել ու հասկանալ, մինչդեռ վերջինս չի ընդունել իրենց. «Մենք դժգոհ ենք նման վերաբերմունքից: Նա պարզաբանում չի տալիս, ասում է դիմեք դատարան, բայց խմբի անդամների մեջ մարդ կա, որ հաջորդ շաբաթ է զորակոչվում, մենք չենք հասցնի», – նշեց նա:

Վերջինս ընդգծեց, որ իրենք անգամ բողոքի ցույցեր են իրականացրել կառավարության դիմաց, որոնցից մեկի ժամանակ իրենց ընդունել է վարչապետի օգնականը, լսել ու իրենց խնդիրը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին փոխանցել, ումից իրենք ակնկալում են մոտ օրերս պատասխան ստանալ:

Ինչ վերաբերում է ուսանողների առաջադիմությանը, ապա նախաձեռնության անդամը նկատեց, որ իրենք մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար դիմած ուսանողներն են և բոլորն ընդունվել են, որոշներն անգամ անվճար:

Օրերս, անդրադառնալով այս հարցին, լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ հանձնաժողովում ընդգրկված են տարբեր բնագավառի մարդիկ, ինչն էլ արվել է դրա անկողմնակալությունն առավելագույնս ապահովելու համար:

«Արվել է առավելագույնը: Հարցազրույցները տեսագրված են: Հարցազրույցին մասնակցող ավելի քան 140 մասնակիցներից 128-ն անցել են: Այդտեղ որևէ կողմնակալություն չէր կարող լինել»,- նշել էր նախարարը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ԿԳ նախարարությանը կից ստեղծվել է տարկետում տրամադրող հանձնաժողով, որում ընդգրկված եմ ԿԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ, հայաստանյան ուսումնական տարբեր հաստատություններից դեկաններ, ամբիոնների վարիչներ և ուսանողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում