«Ժառանգություն»-ը պատրաստ է մասնակցել առաջիկա խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին

«Ժառանգություն»-ը պատրաստ է մասնակցել առաջիկա խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է զորակցելու այս կառավարությանը և իր ակտիվ մասնակցությունն է ունենալու առաջիկա գործընթացներում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես իրենց («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,-խմբ.) միասնական ցուցակի առաջարկ եմ արել: Եթե ստացվի, ողջունելի կլինի, իսկ եթե ոչ, ապա «Ժառանգությունը» կորոշի առանձին գնալ, կամ ուրիշ ուժերի հետ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա հույս հայտնեց, որ նոր ընտրություններով 25 տարվա ընթացքում առաջին անգամ մեր ժողովուրդը կունենա իրեն պատկանող վստահելի, հաշվետու կառավարություն:

Երևանի քաղաքային ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ հարցին Հովհաննիսյանը պատասխանեց, որ քննարկումը կլինի հաջորդ շաբաթ: «Ժառանգությունը բոլորի նման ունեցել է վերելքներ և վայրէջքներ: Եթե ժառանգությունը որոշի դաշինքով կամ առանձին մասնակցել, ինքն անպայման կներկայանա օրենսդիր մարմնում»,-հավելեց կուսակցության առաջնորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում