Այրումում կառուցվելիք երկաթուղային հսկիչ կետը թույլ կտա տնտեսվարողներին զգալիորեն խնայել ժամանակը

Այրումում կառուցվելիք երկաթուղային հսկիչ կետը թույլ կտա տնտեսվարողներին զգալիորեն խնայել ժամանակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչև 2019 թվականի սկիզբը կունենա Այրում-Ջիլիզա երկաթուղային հսկիչ կետ՝ ֆիտոսանիտարական լաբորատորիայով: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը դեռ մեկ շաբաթ առաջ այցելել էր Մոսկվա, որտեղ ՌԴ կառավարության հետ ստորագրվել էր պայմանագիր՝ «ՀՀ-ին ԵԱՏՄ անդամակցելու կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակներում Այրում-Ջիլիզա երկաթուղային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման և կահավորման վերաբերյալ:

Ֆիտոսանիտարական լաբորատորիան կստուգի ոչ միայն երկաթուղային գծով անցնող գնացքների, այլ նաև Բագրատաշենի սահմանային անցակետով անցնող բեռնատար մեքենաների բուսական մթերքը:

«Այստեղ կստուգվի Հայաստան ներմուծված յուրաքանչյուր բուսական մթերք: Եթե հարկ լինի, կիրականացվեն ախտազերծումներ, որպեսզի Հայաստանի տարածք այլևս վնասատու օրգանիզմներ չմտնեն: Դա է լինելու մեր առաջնային խնդիրը»,- ասաց Ավետիսյանը:

Տեսչական մարմնի ղեկավարը հավաստիացրեց, որ հսկիչ կետն իր լաբորատորիայով կկառուցվի շատ կարճ ժամանակահատվածում:

ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանի խոսքով՝ Այրումումի հսկիչ կետում կլինեն ինչպես ֆիտոսանիտարական հսկողություն իրականացնող տեսուչներ , այնպես էլ իրենց կազմակերպությանը պատկանող լաբորատոր ծառայություն մատուցող մասնագետներ:

«Այստեղ ունենալու ենք սպառազինված լաբորատորիա, որտեղ իրականացվելու է սահմանային վերահսկողություն: Արդեն ձեռնամուխ ենք եղել մասնագետների վերապատրաստմանը, որի արդյունքում մենք ունենալու ենք պատրաստի մասնագետներ և պատրաստի կետ, որն իրականացնելու է այդ աշխատանքները»,- ասաց Գևորգյանը:

Գևորգյանը նշեց, որ ներկայումս բոլոր լաբորատորիաները կենտրոնացված են Երևանում, և առնվազն մեկ օր պետք է տնտեսվարողներին այդ բոլոր գործընթացներով անցնելու համար, իսկ Այրումում լաբորատորիա ունենալու դեպքում շատ ավելի արագ և որակով են իրականացվելու հետազոտությունները:

« Հսկիչ կետը կառուցելու համար Կառավարության որոշումով հատկացված է 3850քմ տարածք, որի վրա տեղավորվելու են բոլոր անհրաժեշտ կառույցները՝ ինչպես տեսչական մասով , այնպես էլ լաբորատոր: Արտադրանքը պահելու, ախտահանելու, ախտազերծելու համար հատուկ տարածք է հատկացված լինելու : Բնականաբար, դրա հետ մեկտեղ բարեկարգվելու են նաև հարակից տարածքները , որպեսզի հավելյալ անհարմարություններ բեռնատարների համար չստեղծվեն»,- եզրափակեց Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում