Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են. այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել. Կարպիս Փաշոյան

Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են. այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել. Կարպիս Փաշոյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: «Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս ես նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի, արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է:

Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը՝ անդրադառնալով Civilnet.am-ի տաղավարում իր կողմից արված հայտարարության վերաբերյալ քննադատություններին:

Կարպիս Փաշոյանը ասել էր, որ շատ են շահարկում ապրիլյան պատերազմի տղաների անունները: «Շատ են շահարկում տղաների անունները, թողնենք նրանց մի փոքր հանգիստ։ Ռոբերտ Աբաջյանը՝ մանկահասակ դեմքով տղան, երևի այդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում։ Թողնենք մի փոքր հանգիստ։ Ընդամենը 18 տարեկան տղա …։ Ինձ թվում է չարժե շահարկել այդքան նրանց անունները»,- ընդգծել էր նա:

Ֆեյսբուքյան էջում Կարպիս Փաշոյանը գրել է. «Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են: Այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Նրանք հերոսներ են, քանզի պաշպանել են հանրության անվտանգությունը, ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Նրանք դարձել են ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորներն ու պահապանները:

Մի քանի շաբաթ առաջ Civilnet-ի տաղավարում իմ կողմից հնչեցված մտքերը շահարկման առարկա են դարձել, ավելին՝ ինչ-որ մարդիկ միտքը կոնտեքստից կտրել ու սխալ են մեկնաբանում: Չգիտեմ, թե ինչու են այդպես անում, միգուցե սա մանիպուլյացիա է:

Ես բառացիորեն ասել եմ. «չեն հասկանում, թե ինչ է կատարվում», իսկ մարդիկ խոսքը մեջբերելիս այն էական փոփոխությունների են ենթարկել, նշելով՝ «Չեն հասկանում, թե ինչ են անում» տարբերակը: Կարծում եմ բովանդակային տարբերությունը ակնբախ է: Վստահաբար զինվորները հասկացել են, թե ինչ են անում, ինչպես վերևում նշեցի պաշտպանել են ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ուղղակիորեն փրկել են ֆիզիկական բնաջնջումից:

«Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս ես նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի,արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է»,-գրառել է նա:

Կարպիս Փաշոյանը մանրամասնել է, որ հայտարարության մեջ ինքը նշել է, որ արժի տղաներին մի փոքր հանգիստ թողնել և «չշահարկել նրանց անունները» միտքը ևս սխալ է մեկնաբանվել:

«Իբրև թե՝ պնդում եմ մոռանալ նրանց ու այլևս հարգանքի չարժանացնել: Երիցս ո՛չ: Այդ տղաներին մենք երբեք չենք կարող մոռանալ, նրանք միշտ կապրեն մեր մեջ ու մեր հիշողություններում:

Պարզապես ես մատնանշում եմ այն փաստը, որ նահատակված զինվորների անունները պարբերաբար քաղաքական շահարկման առարկաներ են դառնում: Ինչ-որ մարդիկ իրենց ստոր նպատակներից ելնելով պատեհ-անպատեհ օգտագործում են Ապրիլյան պատերազմի զգացմունքային ֆոնը: Սա անթույլատրելի է, մենք չպետք է թույլ տանք, որ զոհված մեր եղբայրների անունները օգտագործվեն ու շահարկվեն: Նրանք պետք է միշտ ուշադրության կենտոնում լինեն, բայց հոգևոր ու բարձր ինչ-որ տիրույթում՝ առօրեականից անդին:

Շահարկվում է նաև «մանկահասակ տղա» եզրույթը: Մեջբերելիս արհեստական կերպով այս արտահայտությանը հեգնական ու քամահրական տոնայնություն են հաղորդում: Եթե հարցազրույցը նայեք, ապա կհասկանաք, որ խոսքերն այդ արդյունք են հուզմունքի, նեղվածության՝ նկատի ունենալով այն փաստը, որ զոհվածներն այդքան երիտասարդ էին, ընդամենը 18 տարեկան երեխաներ՝ իմ աշակերտների տարիքին: Մի՞թե բանական մարդը չի հուզվի այդ փաստով: Այո՛ նրանք մեր բոլորիս երեխաներն են, որոնց եղերական կորուստը սրտերը մեր լցրեց ցասումով ու ունայնությամբ»,- մանրամասնել է առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակը:

Նա նաև ընդգծել է, որ երբեք այսպիսի մեկնաբանությամբ հանդես չէր գա, բայց նկատի ունենալով այն փաստը, որ ինչ-որ մարդկանց շահարկումներից ելնելով զինվորների ընտանիքի անդամները կարող են սխալ ընկալել արտաբերված մտքերը, ստիպված հանդես է գալիս այս հայտարարությամբ:

«Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը, իսկ նրանք, ովքեր իսկապես մտահոգված էին հարցազրույցի ժամանակ հնչեցված մտքերով, խնդրում եմ դադարեցնել այս անիմաստ քննարկումը: Ես երբեք չեմ կարող կասկածի տակ դնել այդ տղաների հերոսությունն ու հանրությանը մատուցած ծառայությունը: Դրանք անուրանալի արժեքներ են»,- եզրափակել է Կարպիս Փաշոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում