«Սողացող իշխանափոխություն է լինում նաև տեղական ինքնակառավարման մարմինների մասով». Վիգեն Հակոբյան

«Սողացող իշխանափոխություն է լինում նաև տեղական ինքնակառավարման մարմինների մասով». Վիգեն Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, 168.am: «Կարծում եմ՝ շատ դեպքերում ստեղծված պայմաններից ելնելով են հրաժարական տալիս համայնքների ՀՀԿ-ական ղեկավարները, ոչ թե՝ դա քաղաքական սաբոտաժ է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով վերջին շրջանում մի շարք ՀՀԿ-ական համայնքապետերի հրաժարականների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նա գտնում է՝ համայնքների ղեկավարները չեն կարողանում կենտրոնական իշխանությունների հետ աշխատել, քանի որ սովոր են հին եղանակներով աշխատելուն, դրա համար հրաժարկաններ են տալիս։

«Բնականաբար, երբ ՀՀԿ-ի թեկնածուներն այդ վարչական լծակները հանձնում են, պարզ է, որ այդ վարչական լծակներն ընտրությունների արդյունքում անցնելու են այսօրվա իշխանությունը ներկայացնող ուժերի կողմը։ Հասկանալի է, որ վարչական ռեսուրսը միշտ ազդեցություն ունենալու է ընտրությունների վրա։ Նույնիսկ ամենանորմալ, ժողովրդավարական երկրներում միշտ վարչական ռեսուրսը որոշակի ազդեցություն ունենում է, ուղղակի խնդիրը ձևերի, չափերի մեջ է։ Պարզ է, որ, երբ ՀՀԿ-ն այդ լծակները կորցնում է, իր շանսերը՝ ներազդելու պրոցեսի վրա վարչական ռեսուրսով, նվազում է, և ավելանում է գործող իշխանությունների մոտ։ Կարծում եմ՝ հիմա մենք տեսնում ենք գործընթաց, երբ սողացող իշխանափոխություն է լինում նաև տեղական ինքնակառավարման մարմինների մասով»,- նշեց Վ. Հակոբյանը։

Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն ընդհանրապես չլինի հաջորդ խորհրդարանում, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ, եթե ընտրությունները մյուս տարի տեղի ունենան, դժվար է որևէ բան ասել, որովհետև գործընթացները շատ արագ են զարգանում.

«Եթե մոտակա մի քանի ամիսների ընթացքում լինեն ընտրությունները, ՀՀԿ-ն իրոք բավականին բարդ խնդիր ունի անցողիկ շեմն անցնելու վերաբերյալ, ու գլխավոր խնդիրը հիմա դա է լինելու։ Թեև վարչական ռեսուրսներն աստիճանաբար հանձնում են, բայց ՀՀԿ-ն ունի և՛ ֆինանսական ռեսուրսներ, և՛ ոչ ֆորմալ կապեր հասարակության շահագրգիռ շերտերի հետ։ Ի վերջո, ժամանակին ինքը որոշակի սոցիալական հենարան ստեղծել է իր համար։ Կարծում եմ՝ շեմն անցնելն անիրականանալի չէ, մանավանդ, որ շեմն իջեցնում են։ Կարծում եմ՝ այն, որ անցողիկ շեմն իջեցնում են, դա նաև ՀՀԿ-ին է ձեռնտու այս պահին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում