Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին իրադարձությունները

Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Times.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը համարում է ներեկեղեցական հարց ու դեռևս կառավարության միջամտության անհրաժեշտությունը չի տեսնում։

Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետը՝ միաժամանակ նշելով, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին միջադեպը Վայոց ձորի մարզում։ «Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի տհաճ մթնոլորտ է ստեղծում այն առումով, որ դրսևորումներ են լինում, որոնք այնքան էլ հասկանելի չեն։ Եթե բողոքողներն իրենց գործողություններում որևէ գծեր են անցել, դրանք պետք է հստակ արձագանք ստանան։ Ինչ վերաբերում է իրավիճակի նկատմամբ կառավարության դերակատարմանը, ապա իմ համոզմունքն է, որ կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպիսի միջամտի։ Ես սա համարում եմ ներեկեղեցական հարց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իր այս տպավորությունը վարչապետը բացատրեց նրանով, որ Վեհափառի հրաժարականը պահանջողների մեջ կան նաև Հայ առաքելական եկեղեցու գործող հոգևորականներ։ Նա կողմերին կոչ արեց հավաքվել ու քննարկել առկա խնդիրները։ Բացի այդ՝ Փաշինյանը շեշտեց, որ երկրում հաստատված սիրո և համերաշխության մթնոլորտը չպետք է խաթարել։ Ինչ վերաբերում է օրենքի պաշտպանության հարցերին, ապա, ըստ վարչապետի, կառավարությունն իր անելիքը պետք է իրականացնի։ «Վարչապետին ենթակա մարմինը՝ ոստիկանությունը, պետք է իր անելիքն անի, որ մենք չունենանք իրավիճակներ, որոնք Հայաստանում հաստատված սիրո ու համերաշխության մթնոլորտը խաթարեն»,-շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ, դիտելով Վայոց ձորում տեղի ունեցածից կադրեր, գոհ չի մնացել ոստիկանության գործողություններից և ոստիկանությանը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված այդ իրադարձությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում