Աշխարհի որևէ կետում կանգնած ամեն հայ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի հայրենիքը

Աշխարհի որևէ կետում կանգնած ամեն հայ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի հայրենիքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Times.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում։ Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի օրեցօր ավելացող ագրեսիվ հայտարարություններով։ Ինչպես ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ինքը ՀՀ զինված ուժերին հրահանգել է լինել ծայրահեղ զգոն ու պատրաստ Ադրբեջանի ցանկացած պրովոկացիայի։ «Մենք շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք Ապրիլյան պատերազմից առաջ։ Նախիջևանի ուղղությամբ էլ ունենք ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից։ Մենք այս բոլոր իրավիճակներում պետք է մեր շահերը հետևողականորեն պաշտպանենք»,- ընդգծեց վարչապետը։

Վերլուծելով ագրեսոր երկրի գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Ալիևն ունի ներքաղաքական խնդիրներ ու գուցե մտավախություններ, որ իր ժողովուրդն էլ կարող է ոգևորվել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների հաջողությունից և քաղաքական գործընթացներ սկսել՝ ընդդեմ կոռուպցիայի և հանուն ժողովրդավարության։ «Նաև այս պատճառով եմ ասում, որ ցանկացած ագրեսիվ գործողություն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ։ Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանվելու ու հակահարված տալու»,-շեշտեց Փաշինյանը։

Այս ամենի մեջ, սակայն, վարչապետը դրական մի բան է տեսնում։ Ըստ նրա՝ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում հայությունը համախմբված է առավել, քան երբևէ։ Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական որևէ սադրանքի դեպքում համազգային համախմբում կապահովվի, բոլոր ռեսուրսները կներդրեն հայրենիքի պաշտպանության գործում։ «Ես համոզված եմ, որ ամբողջ աշխարհի հայության ֆինանսական, հումանիտար, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, ռազմաքաղաքական բոլոր ռեսուրսները կներդրվեն Արցախի ու Հայաստանի պաշտպանության և հակառակորդին հակահարված տալու գործում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում