ԱԳՆ-ն կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հետ վերադարձնելու համար

ԱԳՆ-ն կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հետ վերադարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ անմիջական կապի մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ օրերս Ադրբեջանի տարածք անցած հայ գերուն անվտանգ հետ վերադարձնելու հարցով: Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Բալայանը վերահաստատեց տեղեկատվությունը, որ 34-ամյա Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ, ինչի պատճառով էլ ծառայության չի անցել ՀՀ զինված ուժերում: «Արտաքին գործերի նախարարությունն անմիջական կապ է հաստատել Կարմիր խաչի հետ: Այլ ուղղություններով ևս աշխատանքներ են տարվում, որ մեր քաղաքացուն հնարավորինս արագ ու անվտանգ վերադարձնենք Հայաստան»,-ասաց Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով հարցին, որ ադրբեջանական կողմում առողջական խնդիրներ ունեցող գերուն փորձում են ներկայացնել որպես դիվերսանտ, ԱԳՆ մամուլի խոսնակը նկատեց, որ դա ադբեջանական կողմի համար սովորական դարձած պրակտիկա է: Տիգրան Բալայանը հիշեցրեց 77-ամյա Մամիկոն Խոջոյանի դեպքը, ում ևս ներկայացնում էին որպես դիվերսանտ ու առողջությանն այնպիսի անդառնալի վնաս էին հասցրել, որ հետ վերադարձից հետո ինտենսիվ վերականգնողական աշխատանքներն անգամ չփրկեցին ծերունու կյանքը:

Գերեվարված Կարեն Ղազարյանը Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ է՝ ծնված 1984 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում