Հայաստանում սպասվող նախընտրական շրջանը չի կարող խոչընդոտել բանակցային գործընթացը շարունակելուն. ԱԳՆ խոսնակ

Հայաստանում սպասվող նախընտրական շրջանը չի կարող խոչընդոտել բանակցային գործընթացը շարունակելուն. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպմանը երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հիշեցնելով, որ այցը կրում էր ճանաչողական բնույթ: «Կարող եմ միայն ասել, որ կա պայմանավորվածություն կոնտակտները շարունակվելու: Ինչպես նաև կար տեսակետ, որը հնչեցվել է ոչ պաշտոնական մակարդակում, որ միգուցե Հայաստանում ընտրությունների շրջան է սկսվում, պետք է դադար տալ և դրանից հետո շարունակել: Բայց մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի համար, որը պետք է ընթանա համանախագահների առաջարկությունների հիման վրա և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ առաջընթացի համար»,-ընդգծեց ԱԳՆ խոսնակը:

Տիգրան Բալայանը վերահաստատեց, որ բանակցությունների գործընթացում Հայաստանի համար ուղենիշայինն Արցախի անվտանգության ու կարգավիճակի հարցն է:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը բանակցությունների դինամիկան ակտիվացնելու անհրաժեշտություն չի տեսնում՝ Տիգրան Բալայանը պատասխանեց, որ հայկական կողմը երբեք էլ պասիվ չի եղել, ավելին` փորձում է նպաստել խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկությունների կատարմանը, ինչը, սակայն, դժվար է ասել Ադրբեջանի մասին: «Խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովման հարցը քննարկվել է ամենաուղիղ ձևով: Այն է՝ Ապրիլյան ագրեսիայից հետո՝ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում: Խոսքը գնում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, շփման գծում նրանց տեղակայման մասին, որ կարողանան վերահսկել իրավիճակը: Երրորդն էլ, որ շատ կարևոր է, հետաքննությունների ու միջադեպերի քննության մեխանիզմների ներդրումն է: Կան առաջարկներ այդ առումով, բայց գիտեք, որ երկու տարուց ավելի է՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ պայմանավորվածությունների ի կատար ածումը»,-ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում