Թերություններ կան թե գործող, և թե մինչ այժմ առաջարկված ընտրակարգերում. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ բարեփոխումների քննարկումները

Թերություններ կան թե գործող, և թե մինչ այժմ առաջարկված ընտրակարգերում. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ բարեփոխումների քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը Ազգային ժողովում «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց այն թերությունները, որոնք առկա են թե գործող, թե գործընկերների կողմից առաջարկված ընտրական մոդելներում: Ըստ նրա՝ գործող մոդելի առավել հաճախ նշվող թերությունները երկուսն են: «Երբ քաղաքական ուժերը կայացած չեն երկրում, ընթանում է կայացման փուլ, կուսակցության ցուցակում որևէ անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել տվյալ քաղաքական ուժի հետ և մարդիկ հնարավոր է նրան ձայն տան, որն ավտոմատ կգնա կուսակցության օգտին: Այս մոդելն ունի հակառակ, դրական կողմը, որ այդ մարդիկ են ձևավորում կուսակցության դեմքը, բայց պատմական այս հատվածում դա թերություններից մեկն է»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Բարձրաձայնվող երկրորդ թերությունը, ըստ ՀՀԿ անդամի, հաշվարկի մեխանիզմն է: Մասնավորապես, այն, որ երկու ընտրատարածքներում առկա են հավասար ձայներ, օրինակ, 20 հազար, ինչը թեկնածուների միջև բաշխվել է ոչ հավասար ձևով: Առաջինում նրանցից մեկը ստացել է 19 հազար, մյուս երկուսը՝ 600 և 400-ական ձայներ: Երկրորդում՝ թեկնածուներից առաջինը՝ 10 հազար ձայն, երկրորդը՝ 6, երրորդը՝ 4 հազար, և եթե երկու տեղամասերին էլ բաժին հասնի երկու մանդատ, ապա կստացվի, որ առաջինից կանցնի 600 ձայն հավաքածը, իսկ երկրորդից 4 հազար ձայն հավաքածը ներկայացված չի լինի խորհրդարանում:

Անդրադառնալով գործընկերների կողմից առաջադրված մոդելներին՝ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ «Փակ համամասնական ցուցակի» մոդելի դեպքում խախտվում է ուղղակի ընտրությունների գաղափարը: «Թեկնածուների հերթականությունն իրականում որոշվում է կուսակցության վերախավի կողմից, ոչ թե ժողովրդի: Շատ հաճախ կուսակցության լոկոմոտիվը (հեղ. հայտնի ու հեղինակավոր անձը), ում մասին արդեն խոսեցի, ստանում է շատ ձայն, բայց անձինք, ովքեր փաստացի ընտրվելու են, որոշվել են կուսակցության վերախավի կողմից»,-ասաց բանախոսը:

«Փակ համամասնական ցուցակների» երկրորդ թերությունը կայանում է նրանում, որ հանրապետության տարբեր տարածքներից թեկնածուների՝ խորհրդարանում հայտնվելու երաշխիքներ չկան, ստացվում է գերկենտրոնացում մայրաքաղաքում:

«Ինչ վերաբերում է «Բաց ցուցակներին», ապա ժողովուրդն իր ընտրաքվեով ցույց է տալիս իր նախասիրությունը այս կամ քաղաքական գործչի հանդեպ, բայց այդ ցուցակները տարածքների հետ շաղկապված չեն: Չնայած այս մոդելը մի թերությունից զերծ է, երբ կուսակցության վերախավն է որոշում, թե ովքեր են ընտրվելու խորհրդարան, բայց այն չի լուծում մի կարևոր հարց, որ տարածքներից երաշխավորված լինեն քաղաքական գործիչներ: Մյուս թերությունը՝ արդյունքների ամփոփումն է: Եթե ընտրություններին մասնակցի 10 կուսակցություն, ցուցակում լինի 100 թեկնածու, ամփոփման ժամանակ անհրաժեշտ է լրացնել հազար բջջանի աղյուսակ, ինչը ինքին թերություն է»,-հավելեց Դավիթ Հարությունյանը:

Ըստ չորրորդ մոդելի՝ «Փակ համամասնական ցուցակ, բայց որոշակի քվոտայով», մարզում հաշվառված թեկնածուն պետք է զբաղեցնի ցուցակի յուրաքանչյուր վեցերորդ տեղը, ինչը պետք է սկսել ամենամեծ մարզերից: «Այս մոդելը ևս զերծ չէ թերություններից, այստեղ ևս կուսակցության վերախավն է որոշում՝ ով է ներկայացնում մարզը, ոչ թե ընտրողը: Երկրորդը՝ մարզում հաշվառված լինելը ամենևին չի նշանակում, որ տվյալ թեկնածուն ներկայացնում է այդ մարզի բնակչությանը: Երրորդը՝ այն ավելի շատ կխթանի, որ Ազգային ժողովում ունենանք խոշոր մարզերում հաշվառված անձանց, իսկ փոքրերը գրեթե շանս չեն ունենա հայտնվել խորհրդարանում»,-եզրափակեց ՀՀԿ անդամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում