Դավիթ Հարությունյանը առաջարկում է չորս ընտրական մոդել, որոնք զերծ են նախորդների թերություններից

Դավիթ Հարությունյանը առաջարկում է չորս ընտրական մոդել, որոնք զերծ են նախորդների թերություններից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տնային աշխատանքի արդյունքում գործընկերների դատին ներկայացրեց չորս ընտրական մոդել: Ազգային ժողովում ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստի ժամանակ Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ դրանք իդեալական չեն, բայց հաշվի են առնվել մինչ այս առաջարկված մոդելների թերությունները: «Բաց ցուցակներ, բայց խոշորացված ընտրատարածք», երբ մենք խոշորացնում ենք տարածքները՝ նվազեցնելու տեղական ազդեցությունները, պայմանականորեն Հայաստանը բաժանելով երեք մասի՝ հյուսիս, հարավ և Երևան, և տարածքային ցուցակները կազմվում են այդ տեսանկյունից»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Առաջարկվող երկրորդ մոդելի համաձայն՝ ընտրողներին զրկում են իր նախասիրությունն այս կամ այն թեկնածուին տալու հնարավորությունից, բայց առկա են լինում տարածքային ցուցակներ: Այսինքն՝ ընտրողը ձայնը տալիս է տարածքային ցուցակին, բայց կուսակցության վերախավն է որոշում հաջորդականությունը:

«Երրորդ մոդելի պարագայում ունենում ենք 101 ընտրատարածք, պատկերացնենք մի պահ, որ կուսակցությունները ի սկզբանե ընտրատարածքում նշանակել են մեկ թեկնածու, և ժողովուրդը քվեարկում է ոչ թե անձի, այլ կուսակցության օգտին: Արդյունքում անցնում է այն թեկնածուն, ում կուսակցությանն ընտրել է ժողովուրդը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Չորրորդ մոդելը, Դավիթ Հարությունյանի խոսքով, իր կողմից ամենանախընտրելին է: Դրա դեպքում՝ առկա է երկու քվեաթերթիկ, առաջինի վրա նշված են լինելու կուսակցությունները, երկրորդի վրա՝ թեկնածուները: «Իրականում մարդիկ ձայնը տալիս են այս կամ այն կուսակցությանը: Եվ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են՝ ըստ կուսակցության ստացած մանդատների: Երբ մենք որոշեցինք, որ այս կամ այն կուսակցությունը ստացել է 27 մանդատ, դրանից հետո որոշում ենք, թե որ թեկնածուն ընտրվում: Այդ դեպքում՝ մենք կարող ենք բաժանել երկու մասին՝ մի մասը գնում է համապետական ցուցակից՝ դա, ըստ երևույթին, կուսակցության վերնախավն է, մյուս մասը գնում է տարածքային ցուցակներից: Ընդ որում՝ մանդատները բաշխվում են՝ կախված նրանից, թե կուսակցությունն այս կամ այն ընտրատարածքում քանի տոկոս ձայն է ստացել»,-նշեց ՀՀԿ-ի ներկայացուցիչը:

Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ վերջինը կոմբինացված մոդել է, որը թույլ է տալիս խուսափել այն թերություններից, որոնք առկա են ներկայիս մոդելում: «Քվեն որևէ թեկնածուի տալով ՝ չի նշանակում, որ ձայնն ավտոմատ գնում է կուսակցությանը»,-հավելեց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում