Հայաստանը ծխախոտից զերծ պահելու ուղին բարդ է, սակայն անհրաժեշտ մեր ազգի առողջությունը պահպանելու համար

Հայաստանը ծխախոտից զերծ պահելու ուղին բարդ է, սակայն անհրաժեշտ մեր ազգի առողջությունը պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Այդ նպատակին հասնելու գործընթացը բարդ է, սակայն՝ խիստ անհրաժեշտ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դա շատ կարևոր է մեր ազգի առողջությունը պահպանելու տեսանկյունից: Այսինքն՝ որքան հնարավոր է պետք է զերծ մնանք բոլոր վնասակար սովորույթներից: Երիտասարդների շրջանում այդ սովորույթը պետք է բացառել թե լուսավորչական աշխատանքով, թե խրախուսելով, որ առողջ ապրելակերպը նախընտրեն»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը օրեր առաջ այս թեմայի հետ կապված՝ ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել: «Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք, այս երկու հիվանդությունների բուժումն ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»,-գրել էր նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում