Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս

Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վստահեցնում է՝ ԱՄՆ կառավարությունը դիտարկում է, թե ինչ միջոցներով ու ճանապարհով կարող է աջակցել ՀՀ կառավարությանը: Նա այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ աջակցությունը կարող է ներառել ֆինանսական ծավալների ավելացում:

«Դիտարկում ենք հնարավոր ուղիները, և դա կարող է ներառել ֆինանսավորման ծավալների ավելացում, որը աջակցության տեսքով հատկացվում է Հայաստանին՝ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ այլ պետական կառույցների կողմից»,- ասաց նա:

Ըստ դեսպանի՝ այս պահին ամերիկացի ներդրողներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում ՀՀ նոր իշխանությունների գործողությունները՝ կապված գործարար միջավայրի խնդիրների կարգավորման հետ: Միլսի խոսքով՝ գործարար միջավայրն ուշադրության կենտրոնում է պահում նաև «Լիդիան Արմենիա»-ի հետ կապված գործողությունների ընթացքը:

«Նրանք հետևում են՝ ինչպիսի ընթացք է տալիս կառավարությունը գործարարների խնդիրներին, լինեն նրանք տեղական, թե ամերիկացի գործարարներ: Եթե հարկային հարցերով քննություն է` ինչպե՞ս է դրա ընթացքը ապահովվում, նաև հետևում են «Լիդիան Արմենիա»-ի հետ կապված գործողությունների ընթացքին: Կառավարության գործողությունները նրանց դիտարկման տիրույթում են այժմ», – շեշտեց Ռիչարդ Միլսը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը վաղ է համարում խոշոր ներդրումների մասին խոսելը: Նրա գնահատմամբ՝ կոռուպցիան և բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Միևնույն ժամանակ նա ողջունեց կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ներկայիս գործողությունները. «Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից»,- եզրափակեց դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում